Հայաստանում պարենային որոշ ապրանքների թանկացումներ հնարավոր են եւ արդեն նաեւ տեսանելի։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Խուճապի պետք չէ մատնվել։ Եթե տեսնում ենք, որ որոշ ապրանքների գներ բարձրանում են, օրինակ`ոսպինն ու հնդկաձավարինը, ապա որպես սպառողներ մենք կարող ենք ընտրել դրանց այլ փոխարինիչները, որոնք առկա են ու հասանելի»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ թանկացումը պայմանավորված չէ միայն ներհայաստանյան գործոններով, քանի որ այդ ապրանքները հիմնականում ներկրվում են ու դրանց գները բարձրացել են նաեւ արտաքին շուկաներում, մասնավորապես` Ռուսաստանում. «Երբ մենք անցյալ շաբաթվա վերջում քննարկում էինք այդ հարցը մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների հետ, եղավ պարզաբանում, որ հնդկաձավարի գները ՌԴ-ում սկսել էին բարձրանալ մինչեւ կորոնավիրուսի ազդեցությունը։ Դա պայմանավորված է շուկայով»։
Նախարարն ասաց, որ հնդկաձավարը ՌԴ-ում եւս նախորդ տարվա հունվարի համեմատ արդեն իսկ կրկնակի թանկացել է. «Բայց մենք տեսնում ենք մեր տնտեսվարողների ջանքերը այն առումով, որ դա լինի հարմարավետ ու գների չարդարացված բարձրացում տեղի չունենա։ Այնուամենայնիվ, եթե ՏՄՊՊՀ-ն նկատի նման չարաշահումներ, ունի բոլոր գործիքները նման երեւույթները այն կանխելու համար»։
Խաչատրյանը նշեց, որ թեեւ Հայաստան եկող ապրանքային հոսքերի մի մասը Իրանից, մյուսը` Վերին Լարսի կողմից ժամանակ առ ժամանակ հանդիպում են դժվարությունների, սակայն պարենային ապրանքների ներկրման ընդհատումներ այս ընթացքում չեն գրանցվի։