Հայաստանում 18-40 տարեկան ամեն 6-րդ զույգը տառապում է անպտղությամբ: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի նախագահ, գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը՝ նշելով, որ անպտղությամբ տառապող հիվանդներից ոչ բոլորը հնարավորություն ունեն բժշկի դիմելու:
«Հաշվի առնելով այս հանգամանքը՝ օգնության է եկել «Արագիլ» հիմնադրամը, որը կից է Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիային և իր գործունեությունը ծավալում է 2013 թվականից»,-ասաց Էդուարդ Համբարձումյանը:
«Արագիլ» հիմնադրամի փորձագետ Կարինե Թոխունցը տեղեկացրեց, որ հիմնադրամի ֆինանսական միջոցները գոյանում են զուտ բարերարների ֆինանսական փոխանցումներից:
««Արագիլ» հիմնադրամը վերարտադրողական առողջության ոլորտի կարևորագույն ձեռքբերումներից է: Առ այսօր ունենք 300 զույգ, որոնք դիմել և գրանցվել են: Մենք վերցնում ենք այն զույգերին, որոնց ընտանիքի ամսական եկամուտը չի գերազանցում երկու հարյուր հազար դրամը,-ասաց Կարինե Թոխունցը, ավելացնելով,- առ այսօր մենք ունենք 22 զույգ՝ որպես շահառու: Որպես մեր աշխատանքի արդյունք՝ ունենք ծնված մեկ եռյակ, երկու հղիություն, որոնցից մեկը զույգ է»:
Կարինե Թոխունցը նաև նշեց, որ անպտղություն ունեցող զույգերի քանակը շատ մեծ է, բայց հիմնադրամը բոլորին մեկ փորձի հնարավորություն տրամադրում է:
Մանրամասները tert.am — ում: