Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի հետ araratnews.am-ը զրուցել է նրա` Եվրոպա կատարած շրջագայության, ապագա ծրագրերի, երազած երկրի եւ մի շարք այլ հարցերի շուրջ:
—Տեղյակ եմ Հայաստանում չեք, կասե՞ք որտեղ եք այժմ գտնվում, մեկնել եք հանգստանալո՞ւ, թե՞ աշխատանքային ճամփորդություն է:
-Այո´, Հայաստանում չէի: Հերթական անգամ ճամփորդում էի Եվրոպայով: Սա էլ արդեն որերորդ անգամն է, որ ընտանիքիս անդամների հետ մեկնում եմ Եվրոպա, իսկ այնտեղից մեքենայով շրջագայելով տարբեր երկրներով` վերադառնում Հայաստան: Ամեն անգամ տարբեր երկրներում ենք լինում՝ Հոլանդիայից սկսած, մինչև Գեմանիա, Բելգիա, Իսպանիա, Մոնակո, Ֆրանսիա, Շվեցարիա, Ավստրիա, Իտալիա, Հունաստան և այլուր: ճամփորդելն ինձ համար արդեն վաղուց ապրելակերպ է դարձել, հոգու պահանջ, անհրաժեշտություն, որը լցնում է իմ կյանքը բազում նոր զգացողություններով, հետաքրքիր, երբեմն, նույնիսկ, վտանգավոր արկածներով, նորանոր լիցքեր է պարգևում: Էլ չասեմ, թե ինչքան շատ բան ես իմանում ճամփորդության ընթացքում տարբեր երկրների, այնտեղի ապրելակերպի, մարդկանց մասին… Այդ ճամփորդություններն օգնում են դիմակայելու մեր երկրի դաժան իրականությանը, լիցքաթափվելու ու թարմ ուժերով վերադառնալու տուն:
—Ինչպիսի՞ն է մշակութային կյանքը Հայաստանից դուրս:
-Եվրոպական շատ քաղաքներում, որտեղ եղել եմ, ամենուր փակցված են պաստառներ, որոնցում գովազդվում են հանրահայտ նկարիչների ցուցահանդեսներ, ներկայացումներ, համերգներ (ընդ որում` հիմնականում դասական), մշակութային տարբեր փառատոնների գովազդներ… Իսկ փողոցներում լսվում է փողոցային երաժիշտների նվագը, ամենուր կենդանի արձաններ են… Լրիվ ուրիշ` Հայաստանին անծանոթ մթնոլորտ է այնտեղ` Եվրոպայի հիասքանչ քաղաքներում, որտեղ շշմեցնող ճարտարապետություն կա` ամեն տեղ իր յուրահատուկ ոճով, ճաշակով, գունային հետաքրքիր համադրություններով, բազմաթիվ արձաններով… Այդ քաղաքները շնչում են արվեստով: Ակնհայտ է, որ մարդիկ կարևորում են իրենց կյանքում արվեստը, հաճախում են օպերաներ, բալետներ, թանգարաններ…
—Եթե փորձեք համեմատական անցկացնել հայաստանյան մշակութային կյանքի հետ, ինչպիսի՞ն կլինի պատկերը:
-Տխուր: Կարծում եմ վերը նկարագրածիցս արդեն իսկ ամեն ինչ պարզ է:
—Միջավայրն առհասարակ ազդեցություն է թողնում ստեղծագործող մարդու ներաշխարհի վրա, ի՞նչ միջավայրում չեք կարողանում ստեղծագործել , ի՞նչը կարող է Ձեզ ճնշել:
-Միջավայրն անպայման թողնում է ազդեցություն: Եթե դու ծնվել ես մի վայրում, որտեղ, ասենք, քեզ շրջապատում է գեղեցիկը, բարձրարվեստ ճարտարապետական շինությունները, երբ քո շուրջը դասական երաժշտություն է, ապա դու չես կարող չազդվել այդ ամենից: Դա ներծծվում է քո արյան, քո գենի մեջ, և պատահական չէ, որ, օրինակ, Իտալիայում ծնվում են անտոնիոնիներ, բերտոլուչիներ… Փառք Աստծո, այսօր ես կարողանում եմ ճամփորդել, տեսնել այն ամենն, ինչի մասին երազում էի և, ինչպես նշեցի, լիցքավորված գալիս եմ տուն` նոր գաղափարներով, ստեղծագործական նոր մտահղացումներով…
—Այսօր շատերն են հեռանում Հայաստանից, այդ թվում` արվեստագետները, իսկ Դուք երբևէ Հայաստանից հեռանալու ցանկություն ունեցե՞լ եք: Ձեր դեպքում ի՞նչը կարող է նման որոշում կայացնելու պատճառ դանալ:
-Կստեմ, եթե ասեմ, որ երբեք նման մտքեր չեն պտտվել իմ գլխում: Ես բախտ եմ ունեցել աշխատելու մի քանի երկրներում, որտեղ կարող էի շարունակել մնալ ու ստեղծագործել շատ ավելի լավ պայմաններում, լինել ավելի գնահատված… բայցևայնպես, ինչպես տեսնում եք, ես դեռ այստեղ եմ:
—Ինչպես նշել եք մի առիթով՝ արվեստում սահմաններ չեք դնում, իսկ կյանքում սահմաններ գծո՞ւմ եք, որոնք չեք անցնի:
— Բնականաբար: Դրանք բոլորովին իրարից տարբեր բաներ են: Ես գտնում եմ, որ արվեստում չկա մի թեմա, որի մասին չի կարելի կամ ամոթ է բարձրաձայնելը: Դա ոչ մի կապ չունի այն բանի հետ, թե ինչ բարոյական սկզբունքներով եմ ես ապրում:
—Ձեր վերջին ներկայացումը «Սև, դառը շոկոլադ»-ն է, մոտակա ժամանակներս ինչ նորություններ են սպասվում:
-Իդեաներ շատ կան: Իսկ թե դրանցից որ մեկն առաջինը կիրագործվի՝ առայժմ թող գաղտնիք մնա:
— Ավարտեք միտքս… Կուզեք ապրել մի երկրում, ուր…
-Ուր ինձ կշրջապատեր Գեղեցիկը… ուր հասարակությունն ավելի քաղաքակիրթ կլիներ… ուր մարդիկ կապրեին ավելի բարեկեցիկ, ապահով կյանքով, կլինեին պաշտպանված, ոչ թե ընկճված ու կոտրված, ինչպես հիմա է մեր երկրում…
Զրուցեց` Շողիկ Գալստյանը