տուն Uncategorized Հայաստանում հղիներն ավելի ուշադիր են դարձել իրենց առողջության հանդեպ

Հայաստանում հղիներն ավելի ուշադիր են դարձել իրենց առողջության հանդեպ

77
0

Pregnant belly

 

2008 թվականից Հայաստանում ներդրվեց ծննդօգնության պետական հավաստագիրը, որի շրջանակներում նախածննդյան և հետծննդյան հսկողությունը առաջնային պահպանման օղակում, ինչպես նաև ծննդաբերությունը դարձավ անվճար:

ՀՀ ԱՆ մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը խոսեց Հայաստանում կանանց առողջապահական խնդիրների և կանանց առողջության պահպանմանն ուղղված առողջապահության նախարարության ձեռնարկած միջոցառումների վերաբերյալ:

«Կարևորելով պոտենցիալ մայրերի առողջությունը, անցկացվում է 15 տարեկան աղջիկների առողջության համալիր հետազոտություն: Մյուս կարևոր ուղղությունն այն է, որ աղջիկներին զուգահեռ հետազոտվում են նաև նույն տարիքի տղաները»,- նշում է Գայանե Ավագյանը:

«Պետական չափորոշիչով սահմանված է, որ ցանկացած ախտաբանական շեղման դեպքում կինը կարող է դիմել իր տարածքային պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիա: Բացի այդ, շատ կարևորում ենք, որ տարին մեկ անգամ առողջ կինը նույնպես դիմի կանանց կոնսուլտացիա և ենթարկվի զննման: Սակայն մեր կանայք հաճախ չեն օգտվում իրենց այս իրավունքից: Մենք չունենք մշակույթ, որպեսզի կանայք կարևորեն իրենց առողջությունը: Հղիների շրջանում այդ մշակույթն արդեն ձևավորված է: Հղիության առաջին օրերից սկսած նրանք դիմում են կանանց կոնսուլտացիա: Մենք ունենք շատ քիչ հղիներ, ովքեր չեն կարևորում իրենց առողջությունը: Սա շատ կարևոր փաստ է, և այսօր Հայաստանն ունի զարգացած երկրների համապատասխան ցուցանիշ՝ նախածննդյան հսկողությունում ներգրավված են հղիների 98 տոկոսից ավելին: Այսինքն՝ մենք ունենք շատ փոքր թվով հղիներ, որոնք չեն գնում կանանց կոնսուլտացիա: Այս մշակույթը ես շատ եմ կարևորում, և դա է, որ նպաստել է մայրական և մանկական մահացության իջեցմանը, ինչպես նաև՝ ծննդօգնության որակի բարելավմանը»,- եզրափակեց Գ. Ավագյանը: