Այս տարի, Եվրոպական միության ազգային մշակութային կազմակերպությունների
(ՅՈՒՆԻՔ) հայաստանյան կլաստերի անդամների նախաձեռնությամբ, Լեզուների
եվրոպական օրը կնշվի նաեւ Հայաստանում:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 15:00-18:00-ն Երեւանի ԹՈՒՄՈ այգում եվրոպական
դեսպանատները եւ մշակութային կենտրոնները բոլոր ցանկացողների համար
կկազմակերպեն անվճար եւ զվարճալի ներածական դասընթացներ տարբեր լեզուներով:
Միջոցառման շրջանակներում անդրադարձ կլինի նաեւ լեզվի անբաժանելի մաս կազմող
գրականությանը: Աշակերտներ, ուսանողներ ու ուսուցիչներ կցուցադրեն իրենց տաղանդը` յուրաքանչյուր լեզվով գրական ստեղծագործություններից հատվածների ընթերցմամբ:
Ժամը 17:30-ից հարգանքի տուրք կմատուցվի բանաստեղծ Հովհաննես Թումանյանին. Բուլղարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Լիտվայի, Հունաստանի, Չեխիայի, Ֆրանսիայի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպանները, ինչպես նաեւ դեսպանատների ներկայացուցիչները տարբեր լեզուներով կկարդան բանաստեղծի
աշխատանքների թարգմանված հատվածներ:
2001 թվականին Եվրոպայի Խորհրդը սեպտեմբերի 26-ը հռչակեց Լեզուների եվրոպական օր՝ օրվա հիմնական նպատակ սահմանելով տարբեր լեզուների ուսումնասիրությունն ու յուրացում խրախուսելը:
ՅՈՒՆԻՔ-ը Եվրամիության ազգային մշակութային կազմակերպությունների գլոբալ ցանց է, որը միավորում է Եվրամիության անդամ 28 երկրների մշակույթի ոլորտում գործող 36 հաստատություն։ ՅՈՒՆԻՔ Հայաստան խումբը միավորում է Բուլղարիայի, Իտալիայի, Լեհաստանի, Լիտվայի, Հունաստանի, Շվեդիայի, Չեխիայի, Ֆրանսիայի դեսպանությունները, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ Բրիտանական խորհուրդ, Գյոթեի ինստիտուտը, Դանթե Ալիգիերի կենտրոնները:
ՅՈՒՆԻՔ Հայաստան կլաստերի վերջին նախաձեռնություններից էր Հայաստանում ԵՄ
պատվիրակության հետ համատեղ Եվրոպական ֆիլմերի փառատոն 2018-ի
կազմակերպումը: