ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հայաստանում թմրամիջոց օգտագործողների վիճակագրությանն ու ոլորտի խնդիրներին:
Ըստ նրա՝ ներկայում հայտնի է միայն բժշկի դիմած հիվանդների հավաքակազմը: Կան մարդիկ, որ երբևէ չեն դիմել բժշկի:
2014թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 5022 հաշվառված թմրամոլ: Սրանք այն մարդիկ են, որոնց մասին կան բոլոր տվյալները:
«Նախորդ տարիների համեմատ մենք ունենք թմրամիջոց օգտագործողների աճ: Նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվառված էր 4428 թմրամոլ, իսկ 10 տարի առաջ մենք ունեինք 183 հաշվառված թմրամոլ»,-ասում է նա:
Ըստ Սեմերջյանի՝ իրականում ավելացել է նաև Հայաստանում թմրանյութ օգտագործողների թիվը, սակայն թվի տարբերությունը պայմանավորված է նաև նրանով, որ մարդիկ ավելի շատ են սկսել դիմել բժշկի:
«Մարդիկ թմրամիջոցներ սկսում են օգտագործել հաճույք ստանալու նպատակով: Հայաստանում թմրամիջոց օգտագործում են 35-45 տարեկան մարդիկ: Թմրամիջոց օգտագործող կանանց թիվը 57 է, նրանք բոլորը երևանաբնակ են»,- ասում է նարկոլոգը:
Ըստ նրա՝ կրթություն և այլ բնորոշիչներ նշանակություն չունեն այս հարցում: Օրինակ՝ ունևոր խավերն օգտագործում են ավելի թանկարժեք թմրամիջոցներ:
«Հիվանդությունների մեծ մասը խրոնիկ ընթացք ունեն: Բուժում ասելով՝ մենք հասկանում ենք հիվանդին ազատել կախյալությունից: Դրանից հետո գալիս է հաջորդ փուլը՝ մարդը կվերադառնա՞, թե՞ ոչ: Այստեղ առաջ են գալիս բազմաթիվ միջոցներ, բայց օրինակ, բնակության վայր, ընկերների միջավայր փոխելը գործնականում անհնար է»,- նշում է նա:
Ըստ վիճակագրության՝ բուժված հիվանդների 80 տոկոսը որոշ ժամանակ անց կրկին սկսում են թմրամիջոցներ օգտագործել: Հայաստանում չկա հաշվառված անչափահաս հիվանդ:
ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության առաջին բաժնի պետի տեղակալ Տիգրան Սահակյանը փաստում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խորը արմատներ է գցել ու դարձել մեծ ու փոքր պետությունների գերխնդիրներից մեկը: Բոլորս գիտենք, որ այն ազդում է բնակչության ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական կենսակերպի վրա:
2014 թ. տարեսկզբից ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունը իր գործունեության հիմնական թիրախ է ընտրել հանրապետություն թմրամիջոցների ներմուծման կանխումը: 2014 հինգ ամիսների ընթացքում հանրապետությունում իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության 443 դեպք: Նշված գործերով քրեական պատասխանատվության է ենթարկվել 166 անձ, որոնցից 5-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ:
2014թ. առաջին հինգ ամիսների ընթացքում իրավապահ մարմինների կողմից առգրավվել է 859 կգ 527 գ տարբեր տեսակի թմրամիջոցներ: