Հարցազրույց Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր տաղանդավոր Սերգեյ Սմբատյանի հետ:
Պարոն Սմբատյան, երիտասարդ տարիքում մեծ բարձունքների եք հասել: Դժվա՞ր էր Ձեր անցած ճանապարհը։ <<Հին գելերը>> փորձե՞լ են Ձեզ ճնշել, խոչընդոտներ ստեղծել։
Չեմ կարծում, թե կյանքում ընդհանրապես հեշտ բան կա։ Յուրաքանչյուր ձեռքբերում պահանջում է աշխատանք, նվիրվածություն, հավատ քո նախաձեռնած գործին։ Եթե այս ամենը ունես, և դրանց գումարվում են համախոհները, ապա համատեղ աշխատանքով ցանկացած նպատակ հասանելի է, ճնշումներն էլ՝ հեշտ դիմագրավելի։ Եթե խոսենք աշխատանքի մեջ ճնշումների մասին, ապա արվեստի մարդիկ, որպես կանոն, ազատություն են սիրում, դա ստեղծագործելու առաջին նախապայմանն է։ Իսկ մարդկային հարաբերություններում ճնշումներ կարող են լինել այն դեպքում, եթե թույլ տաս քեզ ճնշել։ Ո՜չ առաջին, ո՜չ էլ երկրորդ դեպքում նման հանգամանքների հետ չեմ առնչվել։
Կամա, թե ակամա Դուք Երեւանի մշակութային կյանքի մասնակիցներից եք եւ առնչվում եք հայկական մշակույթի եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ: Ինչպե՞ս եք զգում Ձեզ այդ միջավայրում։ Ընկերներ ունե՞ք։
Բնականաբար, ունեմ ընկերներ, շփվում եմ արվեստի տարբեր բնագավառները, շոու բիզնեսը ներկայացնող մարդկանց հետ։ Ես հարգում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր գործ են անում։ Ես հարգում եմ նաև այն մշակութային միջավայրը, որ ձևավորված է Հայաստանում, ինքս էլ դրա մի մասնիկն եմ և ինքնամեկուսանալ չեմ կարող։ Այլ հարց է, որ այդ միջավայրում կան երևույթներ, որոնք կարող են ինձ հոգեհարազատ լինել կամ չլինել։ Բայց դա ինձ չի կաշկանդում այդ ամենն ընդունել այնպիսին, ինչպիսին կա։
Սեպտեմբերի 23-ին Ձեր ծննդյան օրն էր: Ո՞ւմ հետ էիք այն նշում։ Ի՞նչ հետաքրքիր նվերներ եք ստացել։
Ծննդյանս օրը ըստ ավանդույթի նշում եմ ընտանիքիս հետ՝ մտերմիկ մտնոլորտում ամենահարազատ մարդկանց կողքին: Չեմ սիրում մեծ խնջույքներ կազմակերպել:
Հայկական դիրիժորական դպրոցը բավականին կարկառուն դեմքեր է ունեցել, կարծում եք՝ նոր սերունդը կարողանալո՞ւ է շարունակել նրանց գործը, ընդհանրապես հայերն այդ բնագավառում ի՞նչ հեռանկար ունեն։
Հայաստանյան դիրիժորական դպրոցն իրոք ունի լավ ավանդույթներ, և այսօր էլ դրանք ամուր հիմքերի վրա են։ Մենք ունենք լավ դիրիժորներ և Հայաստանում, և մեր երկրի սահմաններից դուրս։ Ես ընդհանրապես չեմ ընդունում այն պնդումները, թե ավագ սերունդը միշտ ավելի լավն է, տաղանդավոր, քան երիտասարդները։ Չեմ ընդունում նաև աշխարհի վերջը հիշեցնող հոռետեսական հայտարարությունները։ Յուրաքանչյուր սերունդ իր ներդրումն է ունենում զարգացման գործընթացում։ Ժամանակներն ու պահանջները փոխվում են, մենք պետք է կարողանանք պահպանելով ավանդույթներն առաջ գնալ։ Այսօր մեր դիրիժորական դպրոցն այդ հնարավորություններն ունի։
Ձեզ երբեւէ փորձե՞լ են ներքաշել քաղաքական խաղերի, ասենք` նախընտրական քարոզարշավների մեջ։ Ինչպիսի՞ն է եղել Ձեր վերաբերմունքը։ Ընդհանրապես, ունե՞ք քաղաքական հայացքներ, հետաքրքրվում եք երկրում առկա խնդիրներով, թե ինչպես բազմաթիվ այլ մշակույթի մարդիկ, Դուք էլ եք Ձեր աջը քաշած նմանատիպ հարցերից։ Ընտրություններին մասնակցում եք։
Բնականաբար, որպես ՀՀ քաղաքացի՝ ինձ հետաքրքրում է այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրում։ Սակայն մասնագիտական աշխատանքն ու երաժշտությունը խլում են գրեթե ամբողջ ժամանակը։ Ես իմ պատկերացումներն ունեմ քաղաքականության, քաղաքական մշակույթի մասին, սակայն ես այդտեղ պրոֆեսիոնալ չեմ և ինձ իրավունք չեմ վերապահի կարծիք հայտնել։ Երբեմն մշակույթը շատ ավելի հզոր գործիք է քաղաքականության մեջ, քան որևէ այլ բան. մշակույթի միջոցով կարող ես շատ հարցեր լուծել։ Ինձ ավելի հոգեհարազատ է մշակութային քաղաքականությունը, ինչն իմ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի աշխատանքով փորձում ենք զարգացնել։ Որքանով է ստացվում, թող դատի հանրությունը։
Ձեր տաղանդով, Դուք հնարավորություն ունեք, երեւի թե, աշխարհի յուրաքանչյուր երկրում ապրելու եւ գործելու, ինչպե՞ս է ստացվել, որ չեք գայթակղվել օտարության մեջ ապրելու, անկայանությունը` հարմարավետության ու կայունության հետ փոխարինելու գայթակղությանը: Գուցե, հայրենիքում մնալը սկզբունքայի՞ն հարց է։
Դրսում աշխատելու առաջարկները շատ են։ Սակայն այդ առաջարկներն ընդունելը թերևս ամենահեշտ բանը կլիներ։ Ես չեմ նախընտրում հեշտ ճանապարհով գնալու ուղին։ Ես փորձում եմ ապացուցել, որ հարմարավետության ու կայունության կարելի է հասնել նաև Հայաստանում։
Հարցերն ուղղեց Մարիամ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ