տուն Uncategorized Հայաստանում ժամային փոփոխություն չի կատարվի

Հայաստանում ժամային փոփոխություն չի կատարվի

232
0

Կառավարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը թողնել անփոփոխ:

Այսօր կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մարտից անցնել ամառային ժամանակի, իսկ հոկտեմբերից՝ ձմեռային ժամանակի:

Նշվում է, որ ժամային փոփոխության (մարտի վերջին կիրակի օրվանից ժամը մեկ ժամով առաջ տալ, ինչպես նաեւ հոկտեմբերի վերջին կիրակի օրվանից մեկ ժամով ետ տալ) արդյունքում օրվա ընթացքում լուսավոր ժամանակահատվածը կավելանա միջինը 50 րոպեով։

Համաձայն նախնական վերլուծության՝ առաջարկվող ժամանակահատվածում միջին արևածագի ժամը 6։10-ն է, միջին մայրամուտի ժամը՝ 19։50-ը։ Ենթադրվում է, որ միջին վիճակագրական քաղաքացու արթուն անցկացված ժամանակը կազմում է 16 ժամ։ Հաշվարկի նպատակով օրվա սկիզբ է ընդունվել ժամը 07։00-ը և ավարտ՝ ժամը 23։00-ն։

Արդյունքում, մարտից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում միջին վիճակագրական օրվա ընթացքում լուսավոր ժամերը կազմում են 12 ժամ 50 րոպե, առաջարկվող փոփոխության արդյունքում այս ցուցանիշը կաճի 50 րոպեով կազմելով 13 ժամ 40 րոպե, ինչի արդյունքում տարեկան լուսավորություն պահանջող ժամերի քանակը կկրճատվի 9%-ով։

Հնարավոր օգուտները հաշվարկվել են 2 եղանակով. լուսավորության խնայողությունը տեղի է ունենում ողջ տնտեսությունում, լուսավորության խնայողությունը տեղի է ունենում միայն տնային տնտեսություններում:

Առաջին եղանակի դեպքում օգտագործվել է ԱՄՆ-ում լուսավորության ծախսերի գնահատականը, որը կազմում է էլեկտրական էներգիայի 6%-ը։ 9% խնայողության դեպքում էլեկտրական էներգիայի խնայողությունը կկազմի մոտ 0,54% կամ 1.1 մլրդ  դրամ։

Երկրորդ եղանակի դեպքում ենթադրվում է, որ էլեկտրական էներգիայի սպառումը լուսավորության նպատակով կազմում է տնային տնտեսության սպառման 8%-ը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնային տնտեսությունների կողմից էլեկտրական էներգիայի սպառումը կազմում է ընդհանուր սպառման մոտ 36%-ը,  խնայողությունը կազմելու է մոտ 561 մլն դրամ։

Հաշվի առնելով այս վերլուծությամբ սահմանված ցուցանիշը՝ ամառային ժամանակին անցումը կարող է ազդեցություն ունենալ ՀՀ-ի տնտեսության վրա տարեկան մինչեւ 120 մլն ՀՀ դրամ կորուստի չափով՝ միայն վերոնշյալ բացասական էֆեկտի արդյունքում:

Միաժամանակ, ժամանակի փոփոխությանը հաջորդող 5-10 օրվա ընթացքում ուշադրության կորստի պատճառով արտադրական պատահարների աճը եւ արտադրողականության անկումը, դժբախտ պատահարների թվի աճը եւ առողջական հնարավոր մի շարք այլ խնդիրներ։ Համաձայն նախնական գնահատականների ՀՀ համար ժամերի փոփոխության գումարային վնասը կարող է կազմել մոտ 650 մլն ՀՀ դրամ։

Նշենք, որ այս պահի դրությամբ ավելի քան 200 երկրներից աշխարհում մնացել են միայն շուրջ 70 պետություններ, որոնք տարեկան երկու անգամ ժամացույցի սլաքներ են փոփոխում: ԵԱՏՄ անդամ երկրներում ժամերի փոփոխություն չի իրականացվում։ Ռուսաստանը հրաժարվել է ամառային ժամանակի անցումից 2011 թվականին։

Ամփոփելով վերոգրյալը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամառային ժամանակին անցումը պահանջում է առավել խորը վերլուծություն, ՀՀ կառավարությունը առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը թողնել անփոփոխ»: