Ազգային ժողովում ընթանում է Առողջապահության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում.
«Երկու կարևոր բան կա, որ տեղի է ունեցել կամ հիմա տեղի է ունենում՝ դա Հայաստանում դիմակների արտադրությունն է: Երեկվանից արդեն սկսվել է եռաշերտ բժշկական դիմակների արտադրություն՝ մեծ քանակներով: Այնպիսի քանակներով, որ Հայաստանում դրանց դեֆիցիտ երբեք չի առաջանա, եթե այդ արտադրությունը շարունակական լինի: Հայաստանի ամբողջ պահանջարկը բավարարող բժշկական դիմակների արտադրություն կա, ինչպես նաև անհատական պաշտպանիչ արտահագուստի արտադրություն է սկսվել մեկ այլ արտադրողի կողմից, մեր պատվերով, որովհետև նախնական պատվեր է տեղադրվել 100000 արտահագուստի: Արտահագուստի քանակների առումով էլ որևէ խնդիր չենք ունենա: Միակ խնդիրը կլինի այդ ամեն ինչը ձեռք բերելը, որովհետև դրանք թե ի սկզբանե թանկ են եղել, օրինակ՝ արտահագուստները, և թե այս իրավիճակում թանկացել են ուղղակիորեն հումքի թանկացման և նաև լոգիստիկ պրոբլեմների՝ մատակարարումների պատճառով: Մինչև այդ արտադրությունների սկսվելն էլ մենք ունեցել ենք, նորից եմ կրկնում, ձեռքբերումներ թե տեղում մեծ քանակներով, օրինակ՝ 1000, 2000, թե մեծ քանակությամբ ձեռք ենք բերել Չինաստանից: Կարծում եմ, որ այս առումով միակ պրոբլեմը լինելու է ֆինանսական ապահովումը»: