Հայաստան-Եվրամիություն հարցերով փորձագետ Արմենակ Մինասյանցը լրագրողների հետ հանդիպման ընթացքում պարզաբանել է, թե ինչ փոփոխություններ են եղել Հայաստան- ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման կարգում:
«Նախ և առաջ պետք է ողջունենք այն փաստը, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստան-ԵՄ վիզաների դյուրացման մասին համաձայնագիրը: Դա, իրոք, բավականին մեծ առաջընթաց է: Դա մեր առաջին նշանակալի և լուրջ քայլն էր վիզաների ազատականացման գործընթացում: Եվ պետք է հույս հայտնեմ, որ շարունակական կլինեն զարգացումները և մենք ինքներս կփորձենք ձգտել վիզաների ազատականացմանը: Միաժամանակ պետք է անաչառ լինենք և հստակ ասենք, որ ազատականացումը ենթադրում է նաև մեծ աշխատանք թե´ հայաստանյան կողմից, թե´ եվրոպական կողմից»,- ասում է փորձագետը:
Հայաստանի արտաքին քաղաքկանությունը, մասնավորապես Մաքսային Միությանն անդամակցությունը, վիզաների ազատականացման գործընթացում որոշակի խնդիրներ կարող է առաջացնել:
«Պետք է հաշվի առնել, սակայն, որ Եվրոպական միությունը մշտապես կողմ է հանդես եկել քաղաքացիների միջև երկխոսության, շփման հաստատմանը: Հայաստանն, ըստ էության, արդեն ունի դյուրացված արտոնագրային ռեժիմ, հաջորդ փուլն, ըստ փորձագետի, ազատականացումն է: Ազատականացված ռեժիմը ենթադրում է, որ մեր քաղաքացիներն, առանց ներկայիս շենգենյան մուտքի արտոնագրի, անխոչընդոտ ճանապարհորդեն ԵՄ երկրներում, մասնավորապես այն երկրներում, որոնք ներգրավված են Շենգենյան գոտում՝ 180 օրվա ընթացքում 90 օր իրավունք ունենան գտնվելու այդ գոտում: Ազատականացման ռեժիմը երկարատև գործընթաց է»,- նշում է նա:
Մուտքի արտոնագրի հարցը միակը չէ, որ կմիավորի Հայաստանին ԵՄ երկրների հետ: Կա նաև մարդու իրավունքների պաշտպանություն, դատական համագործակցություն, քաղաքական երկխոսություն:
«Իմ պատկերացմամբ Հայաստանն ու Եվրամիությունը դեռ ունեն համագործակցության որոշակի եզրեր: Իհարկե, տնտեսական առումով Մաքսային միության անդամակցումը, հետագայում նաև Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունը բավական փոքրացնում է համագործակցության հնարավոր շրջանակները»,- կարծում է փորձագետը: