Կառավարությունը որոշ պայմաններ է առաջարկում Հայաստանում օտարերկրյա վարորդական իրավունք ունեցողների համար։ Նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:
Ներկայացված օրենսդրական փաթեթով կարգելվի Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական և կամ աշխատանքային գործունեություն ծավալել օտարերկրյա, ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ՝ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։
«Այս արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ։ Կարծում եմ՝ ձեզ հայտնի է, որ ազգությամբ հայ քաղաքացիները Ռուսաստանում ունեն այս խնդիրը, և երկար ժամանակ է՝ այս խնդիրը չի լուծվում, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը պատշաճ ընթացք չի տալիս օրինագծերին։ Մենք ավելի առաջ ենք ընկնում և հստակ ամրագրում ենք՝ եթե ապահովվի փոխադարձության սկզբունքը, ապա մենք ևս այս բացառությունը կարող ենք անել ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների համար», — հայտարարեց նա։
Քոչարյանը նաև հստակեցրեց. «Մենք այս կարգավորումը պարտավոր ենք նախատեսել հավասարակշռությունը ապահովելու համար։ Մենք քաղաքական որևէ շարժառիթով չենք առաջնորդվելու. պետությունը կընդունի և հնարավորություն կտա ազգային վարորդական վկայականը կիրառել, մենք նույն հնարավորությունը կտանք օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ»։
Նա նշեց, որ Հայաստանի հետ համատեղ միջազգային պայմանագրերի մասնակից չհանդիսացող այլ երկրներում տրված ազգային վարորդական վկայականը փոխադարձության պայմանով կհամարվի գործող ՀՀ տարածքում, եթե այն ներկայացվի սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ։