տուն Սպորտ «Հայաստանի շատ ակումբներում պայմանագրերը պրոֆեսիոնալ չեն, կուզեն՝ փողերը չեն տա». Արթուր Եդիգարյան

«Հայաստանի շատ ակումբներում պայմանագրերը պրոֆեսիոնալ չեն, կուզեն՝ փողերը չեն տա». Արթուր Եդիգարյան

296
0

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանն «Ալաշկերտից» հեռանալուց հետո 32 տարեկանում հարկադրաբար ավարտեց կարիերան: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Եդիգարյանը պատմել է իր պայմանագրի մասին, որը խզվել է:

«Հայաստանում շատ թիմեր կան, որտեղ ֆուտբոլիստների պայմանագրերը պրոֆեսիոնալ չեն: Եթե ֆուտբոլիստի պայմանագիրը պրոֆեսիոնալ չէ, ինչ կուզեն կանեն, երբ կուզեն, կխզեն, երբ կուզեն, քեզ կհանեն, կուզեն՝ փողերը չեն տա: Այդ պատճառով դու պաշտպանված չես: Իսկ պրոֆեսիոնալ պայմանագրով դու կարողանում ես պաշտպանել քո իրավունքները: Եթե խախտում են կանոնները, դու կարող ես դիմել փաստաբանների եւ ստանալ քո գումարը կամ ինչ-որ փոխհատուցում: Երբ ես դրսում եմ խաղացել, իմ պայմանագիրը լրիվ այլ կերպ է եղել. գոլ խփելու համար բոնուսներ ունես, փոխանցում տալու համար բոնուսներ ունես, միավոր հավաքելու համար բոնուսներ ունես… Հայաստանում շատ քիչ թիմեր են այդպիսի պայմանագրեր կնքում:

Խորհուրդ եմ տալիս բոլոր հայ ֆուտբոլիստներին, որ կնքեն պրոֆեսիոնալ պայմանագրեր, որպեսզի հետագայում չունենան խնդիրներ, որպեսզի տրանսֆերային պատուհանը փակվելուց 3 ժամ առաջ ֆուտբոլիստին չհանեն ու ֆուտբոլիստը շիվարած չիմանա՝ ինչ անի: Խորհուրդ եմ տալիս բոլոր հայ ֆուտբոլիստներին ու մարզիչներին, որ ունենան պրոֆեսիոնալ պայմանագիր»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է զբաղվի այդ հարցով, որպեսզի հայ ֆուտբոլիստներն ու մարզիչներն ավելի պաշտպանված լինեն:

Եդիգարյանը պատրաստվում է մարզչական B արտոնագիր ստանալ, այնուհետեւ՝ A եւ ՊՐՈ: Սկսելու է հաջորդ տարվանից: Դեռ 6 ամիս աշխատանք չի ունենա, որովհետև ընթացիկ մրցաշրջանում արդեն երկու ակումբում է խաղացել և որպես ֆուտբոլիստ չի կարող երրորդ թիմն ունենալ: