«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պետդումայի նախկին պատգամավոր, Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովը:
-Պարոն Մարկով, այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարել է, որ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզն արդեն պատրաստ է։ Ինչ է տալու Մաքսային միության անդամակցությունը Հայաստանին, եթե ՀՀ-ն չունի ընդհանուր սահման ՄՄ անդամ երկրների հետ:
-Նախ, ես ՄՄ-ին միանալու ՀՀ որոշումը գնահատում եմ որպես Հայաստանի տնտեսությունը փրկող որոշում, քանի որ գիտենք` հայաստանյան տնտեսությունը գտնվում է շատ բարդ իրավիճակում, փաստացիորեն շրջափակման մեջ: Բացի դրանից, Հայաստանը փոքր երկիր է` շատ լուրջ ռեսուրսներից զրկված: Բնականաբար, ՄՄ-ին միանալն այն դեպքում, երբ չկա ընդհանուր սահման ՄՄ անդամ երկրների հետ, ունի որոշակի տեխնիկական դժվարություններ, սակայն ի վերջո Հայաստանն իրականացնում է առևտուր այն երկրների հետ, որոնց հետ չունի ընդհանուր սահման. ոչ միայն Վրաստանի,Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Այստեղ խոսքը ՄՄ փաստաթղթերի փոխանցման ձևաչափի մասին է, և այդ մաքսային փաստաթղթերի հաշվին ՀՀ-ն ստանում է գազի ցածր գին, ինչը Հայաստանի համար չափազանց շահավետ է: Բացի այս ամենից՝ ՄՄ-ին անդամակցությունը թույլ է տալիս Հայաստանին իրացնել իր գյուղատնտեսական ապրանքները ՄՄ երկրների շուկայում ՄՄ գներով: Ի դեպ՝ այս ամենն առանց սահմանափակումների է հնարավոր է անել, սահմանափակումներ չեն մտցվելու, ուստի սա չափազանց շահավետ որոշում է Հայաստանի համար: Ընդհանրապես, Մաքսային միությունը տալիս է մուտք դեպի մեծ շուկա, իսկ որքան շուկան մեծ է, այնքան բարձր է տեխնոլոգիական արտադրանքի պահանջարկը, այսինքն` կարելի է մեծացնել այս արտադրանքի ծավալները: Մյուս կողմից՝ աշխարհը գլոբալացվում է, և որպեսզի այս դեպքում ևս կյանքն ավելի շահավետ լինի, այն պետք է աշխատի մեծ շուկաների վրա, այսինքն՝ սա տալիս է նորմերի բարձրացում և շահույթի ավելացում, արտադրանքի արդյունավետություն՝ առանց սահմանափակումների: ՄՄ-ն հնարավորություն է տալիս նաև ազատ աշխատել ՄՄ անդամ երկրների շուկաներում, և այդ աշխատանքը պաշտպանված է լինելու. սա շատ կարևոր դրական գործոն է: Այն երկրներին, որոնք չունեն նավթ ու գազ, ՄՄ-ն տալիս է իջեցված գներ:
-Ինչպե՞ս եք պատկերացնում բուն առևտրաշրջանառությունն այդ պարագայում: Եթե նույնիսկ Վրաստանի միջոցով, ապա Վրաստանն էլ գոնե ներկայումս նախաստորագրել է ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիր:
-Վրաստանի միջոցով, ինչպես ներկայումս իրականացվում է, այնպես էլ լինելու է ապագայում, ես այդպես եմ կարծում: Առևտրաշրջանառությունը կարող է կազմակերպվել նաև օդային ճանապարհով: Ի դեպ, ես կարծում եմ, որ լուրջ խոչընդոտներ չեն էլ լինի, քանի որ ինքը՝ Վրաստանը ևս, որոշ ժամանակ անց կմիանա Մաքսային միությանը:
-Պարոն Մարկով, մամուլի հրապարակումների համաձայն՝ ներկայումս Ղազախստանն ու Բելառուսն արդեն իսկ հիասթափված են ՄՄ-ի տված արդյունքներից, ուստի այն ներքին խնդիրները, որոնք առաջացել են ՄՄ անդամ երկրների միջև, ինչպե՞ս պետք է հանգուցալուծվեն:
-Այդ խնդիրները ՌԴ-ի և Ղազախստանի, ՌԴ-ի և Բելառուսի, Ղազախստանի և Բելառուսի միջև լուծվում են և լուծվելու են այնպես, ինչպես որոշվել և որոշվում են հարաբերությունները Ֆրանսիայի ու Գերմանիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի միջև: Այնպես որ, նման տեսակի փոքր կոնֆլիկտները խոշոր միավորում ձևավորելու շրջանակում անխուսափելի են բաց ժողովրդավարական հասարակություններում, ժողովրդավարական երկխոսության արդյունքում կոնսենսուս է ձևավորվում: Եթե ընդհանրապես կոնֆլիկտներ չլինեին, ապա ի սկզբանե այդ պրոցեսը կընկալվեր որպես անլուրջ: Ինչ վերաբերում է հիասթափությանը, ապա դա իրականությանը չի համապատասխանում: Կան որոշ կոնֆլիկտներ ՄՄ-ի ձևավորման գործընթացում, երբ յուրաքանչյուր երկիր փորձում է սեփական շահերն առաջ մղել, բայց հիասթափություն այդ երկրների դեպքում չկա, միանգամից տեսանելի է այդ երկրներում տնտեսական մեծ վերելքը:
-Ինչու Հայաստանի պարագայում ճանապարհային քարտեզ մշակվեց, և, ըստ Ձեզ, ինչ է այնտեղ ամրագրված:
-Ճանապարհային քարտեզը նորմալ մեխանիզմ է այն դեպքում, երբ երկիրը ուզում է միանալ արդեն ձևավորված միությանը: Ղազախստանն ու Բելառուսը ՄՄ-ի հիմնադիր պետություններն են, նրանք ևս ժամանակին ունեցել էին ճանապարհային քարտեզ, որն այլ կերպ էր անվանվում: Լուրջ գործընթացները ժամանակ են պահանջում, ուստի ժամանակն անհրաժեշտ է լուրջ որոշումների կայացման համար: Այս ընթացքն անվանում են ճանապարհային քարտեզ: Հայաստանի ճանապարհային քարտեզում ամրագրված է միությանն անդամակցության ընթացակարգը փաստաթղթային, նաև որոշ որոշումների տեսանկյունից, արդեն իսկ կայացված որոշումներից հետո որոշումներ և այլն, այսինքն` այս տրամաբանությունն է ամրագրված:
Հարցազրույցն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում: