Հայաստանի գործարարների հիմնական մասը՝ 76 %-ը, հարկային համակարգը համարել է անկանխատեսելի: Սա երևում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հարկային բարեփոխումներ» ծրագրի շրջանակում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) անցկացրած հարցումներից, որի արդյունքները հրապարակվեցին այսօր:
Գործարարները նշել են, որ չեն կարող կանխատեսել, թե որքան կլինի իրենց հարկային բեռը հաջորդ տարի։ 11 %-ը չգիտի՝ կանխատեսելի՞ է արդյոք հարկային բեռը, թե՞ ոչ, եւ միայն 14 %-ն է այն կանխատեսելի համարել։ Հետաքրքիր է, որ հարկերն անկանխատեսելի են համարել նաեւ տնային տնտեսությունների հիմնական մասը, իսկ «կանխատեսելի» տարբերակ ընտրել է միայն 15 %-ը։ Տրամաբանական է, որ հարկային բեռը անկանխատեսելի համարելով՝ գործարարները նաեւ համոզված են, որ իրենք ներգրավված չեն հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ նախատեսող նախաձեռնությունների քննարկումներին (52 %), կամ էլ՝ ներգրավված են, սակայն չեն կարողանում որեւէ ազդեցություն ունենալ (22 %)։ «Ներգրավված են եւ կարողանում են ազդեցություն ունենալ» տարբերակն ընտրել է միայն հարցվածերի 6 %-ը։