Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3 — 1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Եգիպտոսի նկատմամբ։
Չորրորդ և երկրորդ խաղատախտակների վրա Տիգրան Պետրոսյանն ու Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով պարտության մատնեցին համապատասխանաբար Իբրահիմ Հասան Լաբիբին և Սեմի Շոկերին։
Երրորդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը սևերով չկարողացավ կոտրել Բասեմ Ամինի դիմադրությունը և բավարարվեց կես միավորով, իսկ առաջին տախտակի վրա Սերգեյ Մովսեսյանը պարտիայի վերջնամասում ձեռքից բաց թողեց հաղթանակը Մոհամեդ Էզաթի հետ պարտիայում։ Նշենք, որ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն այս տուրը բաց է թողնում։
Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր ընտրանին ոչ-ոքի էր խաղացել մրցաշարի ամենաբարձր վարկանիշն ունեցող Ռուսաստանի հավաքականի հետ։ Վաղը Հայաստանն ուժերը կչափի ԱՄՆ-ի հետ, որն այսօր 3 — 1 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Ռուսաստանի նկատմամբ։
Եգիպտոս — Հայաստան՝ 1 — 3
Եզաթ — Մովսեսյան՝ 0.5 — 0.5
Շոկեր — Հակոբյան՝ 0 — 1
Ամին — Սարգսյան՝ 0.5 — 0.5
Լաբիբ — Պետրոսյան Տ. Լ.` 0 — 1