ՀՀ-ին ամենաապիկար վտանգները սպառնում են դատական համակարգից։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համակարգի փոփոխություններին և վեթինգին։
Փաշինյանը նշեց, որ դատական բարեփոխումների ճանապարհին ԲԴԽ կազմն է էական համալրվել, մշակվել է հակակոռուպցիոն ռազմավարություն, որտեղ ձևակերպվել է այդ «վեթինգ» կոչված պրոցեսը։
Վարչապետի խոսքով, քանի որ մարդիկ ավելի շատ «վեթինգ» բառի վրա են կենտրոնացած, քան բովանդակության, դրա համար որոշել են բառը չօգտագործել․ «Բայց մեխանիզմները դրված են հակակոռուպցիոն ռազմավարության մեջ, և մենք առաջիկայում հակակոռուպցիոն երկու մարմին ենք ստեղծելու, որոնցից մեկը զբաղվելու է դատավորների գույքային և մասնագիտական կարողությունների գնահատմամբ»։
Վարչապետը նշեց, որ լուրջ քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ պետք է գնալ վիրահատական ճանապարհով․ «Մեր նպատակն է ունենալ անկախ դատական համակարգ։ Ասենք, մի իքս պահի հանկարծ այնպես չստացվի, որ մենք նախկին իշխանությունից կախված դատական համակարգը փոխարինել ենք մեր իշխանությունից կախված դատական համակարգով։ Գուցե դա պրակտիկ լինի, բայց դա չէ մեր գաղափարը»,- շեշտեց վարչապետը։