Մաքսային Միությանը և Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության «ճանապարհային» քարտեզը պատրաստ կլինի մինչև դեկտեմբեր ամիսը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը։
«Հայաստանի հարցով կա կոնկրետ որոշում՝ աշխատանքային խումբն սկսում է գործել, և «Ճանապարհային քարտեզն» ու առաջին արդյունքները կներկայացվեն Մոսկվայում դեկտեմբերին կայանալիք Խորհրդի նիստին», — ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը խոստանում է Մաքսային Միությանը միանալու բոլոր անհրաժեշտ օրենքների փոփոխությունն ու ընդունումը կատարել մի քանի ամիսների ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը։
«Հայաստանի նախագահը դիմել է ՄՄ-ի ղեկավարներին, որպեսզի իրենց որքան հնարավոր է շուտ հնարավորություն տրվի վավերացնել բոլոր համաձայնագրերը», — ասել է Շուվալովը։ Սակայն, նրա խոսքերով, ՄՄ-ում չեն պատրաստվում շտապել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե Հայաստանին արհեստականորեն ներքաշում են Միության մեջ։