Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 24-ին կայացել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն իր մալթացի գործընկեր Կարմելո Աբելայի հետ:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա դինամիկ երկխոսության և դրա շրջանակներում արձանագրված ձեռքբերումների կապակցությամբ: Այս առնչությամբ կարևորվել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը, խորհրդարանական ձևաչափով երկկողմ արդյունավետ շփումների խթանումը, տարբեր մակարդակներով փոխայցելությունների իրականացումը, կրթական և մշակութային ոլորտներում փոխանակման ծրագրերի նախաձեռնումը:
Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել շարունակելու գործնական քայլեր ձեռնարկել համագործակցության հեռանկարային ուղղություններ հանդիսացող առևտրատնտեսական, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և նորարարության ոլորտներում գործընկերության զարգացման և ընդլայման ուղղությամբ՝ կարևորելով համատեղ ջանքերով այդ ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փոխգործակցության նոր հարթակների ստեղծումը:
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև եկամուտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխարգելելու մասին համաձայնագիրը: ԱԳ նախարարների բնորոշմամբ՝ համաձայնագրի ստորագրումն առաջնային քայլ է՝ երկու երկրների գործարար շրջանակներին առավել մերձեցնելու և նրանց համար համագործակցության նպաստավոր պայմաններ ստեղծելու համար: