Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում զբոսսաշրջության ծավալների աճ է արձանագրվել, և մեր երկրով սկսել են հետաքրքրվել ոչ միայն եվրոպացիները, այլև չինացիներն ու ճապոնացիները։
Araratnews.am-ը InԼobby.com-ի ներգնա տուրիզմի մասնագետ Ստեփան Ադամյանի հետ զրուցեց ոլորտի հաջողությունների և խնդիրների մասին։
Ինչպիսի՞ն են այսօր ներգնա տուրիզմի ցուցանիշները, առաջընթաց կա՞ ոլորտում։
Վերջին երկու տարիներին ակտիվություն է նկատվում ներգնա տուրիզմի ոլորտում, և եթե թվերով խոսենք, առաջին 6 ամիսների վիճակագրական տվյալներով՝ մոտ 12,8 տոկոս աճ է գրանցվել Հայաստան եկող զբոսաշրջիկների մասով։ Բավականին աճել է գերմանախոս երկրներից եկող տուրիստների թիվը՝ Գերմանիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Չինաստանից եկող զբոսաշրջիկների թվի մոտ 53,5 տոկոս աճ է եղել, շատ են գալիս նաև Արաբական Միացյալ էմիրություններից, Իտալիայից, Ճապոնիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից։
Իսկ ինչո՞վ է պայմանավորված Չինաստանից և Ճապոնիայից եկող զբոսաշրջիկների թվի ավելացումը, ինչո՞ւ են սկսել հետաքրքրվել Հայաստանով։
Շատ հետաքրքրական է այդ երկրներից եկող զբոսաշրջիկների թվի աճը, քանի որ նրանք շատ զգուշավոր են։ Պատճառներից մեկը պետության կողմից վարվող քաղաքականությունն է, մյուս կողմից՝ ճանապարհորդության ոլորտի ազդեցիկ շատ բլոգերներ, ինֆլուենսերներ այցելում են Հայաստան և իրենց բլոգներում ներկայացնում մեր երկիրը։ Նրանց համար բացահայտում է Հայաստանը։ Մի շարք միջազգային ճանաչված օնլայն հարթակներ են անդրադառնում մեր երկրի գրավչությանը։ Անցյալ տարի New York Times-ն իր «Ճանապարհորդություն» բաժնում Հայաստանը ներկայացրեց։ Բացի դրանից, նոր նախաձեռնություններ կան, որոնք Հայաստանն այլ դիտանկյունից են ներկայացնում․ ծով չունի, բայց լեռնային երկիր է բազմազան բնությամբ։
Ի՞նչն է զբոսաշրջիկներին բերում Հայաստան. միայն լեռնե՞րը, պատմական վայրե՞րը, թե՞ այլ ուղղություններ ևս կան։
Հայաստանում լանդշաֆտը շատ կարճ տարածությունների վրա արագ փոխվում է։ Եթե Երևանից դիտարկենք Սևանի մայրուղին, այն մի կողմում բլրապատ, անտառապատ է, մյուս կողմում Գեղամա լեռներն են։ Հետո, Դիլիջանի թունելն անցնում ենք, լրիվ անտառապատ գեղեցիկ լանդշաֆտ է սկսվում, որը կոչվում է նաև «հայկական Շվեյցարիա»։ Եթե շարժվում ենք դեպի հարավ՝ Վայոց ձորի մարզ, ժայռային բնապատկերներն են գերակշռում։ Եվրոպացի զբոսաշրջիկների համար, ովքեր գալիս են այնպիսի երկրներից, որոնք ունեն շատ անտառային լանդշաֆտներ, ավելի հետաքրքրական են ժայռային բնապատկերները։ Սյունիքը շատ տպավորիչ է նրանց համար։
Գիտեք, նախկինում ավելի շատ դասական տուրիզմն էր զարգացած, որը հիմնականում շեշտը դնում էր եկեղեցիների վրա, այսօր զարգանում է նաև գյուղական հյուրընկալության և գաստրոտուրիզը։ Մեր հին հայկական ուտեստներն են նոր ձևով ներկայացվում։ Ի դեպ, Հայաստանում ռեստորանների գները բավականին մատչելի են, և որակը բավականին բարձր է։ Պետք է առանձնացնենք նաև գինու մշակույթի ցուցադրությունը, գինու համտեսման մշակույթի ներդրումը ներգնա տուրիզմում։ Նախկինում դասական մոտեցումն այն էր, որ Վրաստանը գինու երկիր է, Հայաստանը՝ կոնյակի, բայց մեր արտադրողներն ապացուցեցին, որ Հայաստանում կարող է լինել որակյալ գինի, և այսօր նրանք հետաքրքիր համային գամաներ են ստանում տարբեր գնային մակարդակներում։
Ասացիք, որ դասական տուրիզմի ուղղությունները փոխվել են, մասնավորապես ո՞ր ուղղությամբ է շարժվում այսօրվա զբոսաշրջիկի երթուղին։
Զարգանում է նաև արշավային և արկածային տուրիզմը, այն բավական մեծ պոտենցիալ ունի, ուղղակի գիդերը պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերեն՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար ճիշտ ուղղություն կազմակերպեն։
Հայաստանում տարիներ առաջ սկսվեց «Տրանսկովկասյան արահետի» կառուցումը, «Հայկական լեռնաշարհ» արահետի կառուցումը, իսկ Արցախում՝ «Ճանապարհ» արահետը, որն Արցախի հարավից հյուսիս մոտ 200 կմ ձգվում է, դա քայլարշավային երթուղի է։ Ամեն օր զբոսաշրջիկները 15-20 կմ քայլում են, հետո մնում տարածքի որևէ հյուրատանը, ինչը շատ է օգնում գյուղերում հյուրատնային բիզնեսին։ Դե, համապատասխան կազմակերպություններն օժանդակում են նրանց հասկանալու՝ ինչ ստանդարտներով պետք է կառուցվեն սենյակները։ Մեր գյուղական նախաճաշը միշտ լավն է, բոլոր զբոսաշրջիկները շատ են սիրում։ Նրանք ասում են՝ նախաճաշն անգամ գիշերակացն է ծածկում։ «Տրանսկովկասյան արահետի» կառուցման մասին անգամ լուսաբանեց Forbes-ը, ինչը նոր զբոսաշրջիկներ ներգրավեց մեր երկիր։
Արդյոք մեր սպասարկումը, հյուրանոցները բավարարում են միջազգային ստանդարտներին, զբոսաշրջիկները գո՞հ են։
Խնդիրներ կան։ Ամեն տարի տեսնում ենք՝ նոր հյուրանոցներ են բացվում, բայց սպասարկման տեսանկյունից իրենց օգնում է զբոսավարների կարծիքը, որովհետև նրանք են հանդիսանում հյուրերից առաջին ձեռքից կարծիք ստացողները, ովքեր հետո տարբեր ֆորումներում քննարկում են այդ հարցերը։ Կարող եմ ասել, որ շատ հյուրանոցներ հետևում են, արագ արձագանքում, շտկում, այլապես չենք կարող հաջողություն ունենալ։ Դժգոհություններ հաճախ են լինում մարզային հյուրանոցներից, որովհետև սեփականատերը մենեջմենթից տարանջատված չի լինում, բայց ժամանակն է, որ սեփականատերը հասկանա՝ հյուրանոցը չպիտի կառուցվի սեփական ճաշակով, այլ որոշակի միջազգայնորեն ընդունված ստանդարտներին պետք է համապատասխանեցնի։
Գուցե, դա օրենսդրությա՞մբ պետք է կարգավորվի։
Միշտ որոշակի ստանդարտների շուրջ հարցեր առաջանում են։ Պետք է որոշակի կարգավորում լինի զբոսավարներ համար, քանի որ տուրիստների քանակն ավելանում է։ Շուկայում կա ճապոներեն, չինարեն, գերմաներեն իմացող գիդերի պակաս։ Այսօր շատ են գիդերը, բայց որակյալ գիդ դառնալու համար տարիներ են հարկավոր, որովհետև ամեն տուրիստ իր նախասիրություններն ունի, տարբեր հարցեր են տալիս գիդին, ինչից նա պատկերացում չունի, բայց պրոֆեսիոնալ գիդը պետք է տնտեսությունից տեղյակ լինի, որոշ տուրիստներ հետաքրքրվում են, թե որքան գործարան է եղել ՀՀ-ում խորհրդային տարիներին և այլն։ Պետության կողմից պետք է կարգավորումն այնպես լինի, որ իրարամերժ տեղեկություններ չտրվեն զբոսաշրջիկներին նույն կառույցի կամ պատմական վայրի մասին։
Իսկ 2018-ի հեղափոխությունից հետո զբոսաշրջային ոլորտում որոշակի ակտիվություն կա՞, ավելացե՞լ են Հայաստանով հետաքրքրվողները։
Հեղափոխությունից հետո ավելի շատ սփյուռքահայեր են գալիս, ոգևորություն ունեն Հայաստանը տեսնելու։ Նույնիսկ մարդիկ կան, որ տասնյակ տարիներով չեն տեսել Հայաստանը ու սպասում են տեսնել ուրիշ Հայաստան։ 12 տոկոս արձանագրված աճի գործոնը կարելի է համարել նաև հեղափոխությունը, մարդկանց դրական սպասումները։ Այսօր անշարժ գույքի շուկայի աճը ևս պայմանավորված է զբոսաշրջիկների ներհոսքով, որովհետև տուն են գնում ոչ միայն սփյուռքահայերը, այլև օտարազգիները։
Հայաստանում կազմակերպվո՞ւմ է բիզնես-տուրիզմ, այսինքն՝ այլ երկրների գործարարներ այցելեն մեր երկիր և ծանոթանան իրենց հետաքրքրող գործարանների կամ բիզնեսների գործունեությանն ու կառավարմանը։ Սրանով կարող ենք նրանց ներգրավել մեր շուկայում, նման փորձ ունի Իսրայելը։
Կոնկրետ բիզնես-տուրիզմ փաթեթ չի վաճառվում մեզ մոտ, բայց սովորաբար Հայաստան այցելած զբոսաշրջիկին տանում են պատմամշակութային վայրեր, կամ նրանք ազատ ժամանակ այցելում են իրենց հետաքրքրող վայրեր, կոնկրետ նման ուղղություն չունենք։