տուն Քաղաքական Հայաստանը կարող է «վետո» դնել, եթե Ադրբեջանի՝ ԵԱՏՄ կառույցին անդամագրվելու ֆորմալացման գործընթաց...

Հայաստանը կարող է «վետո» դնել, եթե Ադրբեջանի՝ ԵԱՏՄ կառույցին անդամագրվելու ֆորմալացման գործընթաց լինի. Վլադիմիր Կարապետյան

464
0

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի Ռուսաստան կատարած այցի շրջանակներում, Իլհամ Ալիևին հրավիրեց Սանկտ Պետերբուրգ՝ դեկտեմբերի 20-ին կայանալիք ԵԱՏՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար։

Այսօր արդեն Ալիևն արձագանքել է հրավերին՝ նախ շնորհակալություն հայտնելով փոխնախագահ Մեհրիբան Ալիևային բարեկամության շքանշանով պարգևատրելու համար, այնուհետև շեշտել, որ հաջորդ ամսին Պուտինի հետ հանդիպում ունի։

Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ երևույթին, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կմասնակցի Սանկտ Պետերբուրգում սպասվող ԵԱՏՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Փորձեցինք մեր տեղեկությունները ճշտել վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից։

Araratnews.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այցելությունների մասին ըստ ժամանակացույցի են հայտնում։

Մեր հարցին՝ ինչպես է վերաբերվում հայկական կողմը, որպես ԵԱՏՄ անդամ պետություն, որ Ալիևը մասնակցում է թեկուզ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, արդյոք մենք կարող ենք «վետո» դնել Ադրբեջանի մասնակցությանը, Կարապետյանը պատասխանեց․ «Հայկական կողմը կարող է «վետո» դնել, եթե Ադրբեջանի կողմից ԵԱՏՄ կառույցին անդամագրվելու ֆորմալացման գործընթաց լինի։ Իսկ այս կամ այն հանդիպման հրավիրելու և մասնակցելու առումով, այն էլ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, մենք չենք կարող մեր դիրքորոշումը հայտնել, և այստեղ ոչ մի խնդիր ես չեմ տեսնում»։