Այսօր ԱԺ-ում շարունակվում է աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումը: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և դրան կից օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում մտքերի փոխանակության ժամանակ է ելույթ ունեցել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Ինչո՞ւ պիտի կողմ քվեարկեմ, որ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի աշխատավարձը 373 հազ. դրամից դարձնեն 1 մլն 190 հազ. դրա՞մ, այսինքն՝ 218 %-ով բարձրացնե՞ն: Նրանք այն մարդիկ են, որոնց այսօրվա պաշտոնում գտնվելու ընթացքում աղքատությունը Հայաստանում 27,6 %-ից աճել հասել է 37%-ի: Կարելի է կարծել, որ այս պաշտոնյաները փողից խեղճ են եղել և քիչ են ստացել, դրա համար նրանց պաշտոնավարման հետևանքերը աղետալի են Հայաստանի համար»,- հայտարարել է Փաշինյանը:
Նա նշել է, որ Կառավարության անդամներն ունեն այս նախագիծը հիմնավորող փաստարկ: «Նրանք կասեն, որ 2014 թվականի բյուջեով աշխատավարձերի, թոշակների ընդհանրական բարձրացում է նախատեսվում: Այո, նախատեսվում է: Ուսուցիչների միջին աշխատավարձը բարձրանալու է 4,7 %-ով: Եվ եթե այսօր ուսուցիչը ԿԳՆ նախարարից 3,2% ցածր աշխատավարձ է ստանում, այս օրինագծի ընդունումից հետո 5,3 անգամ պակաս կստանա»,- ասել է Փաշինյանը: Ըստ նրա, եթե հաշվի առնենք, որ հունվարին մեկնարկում է կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարը, ստացվում է, որ ուսուցիչների աշխատավարձի ոչ մի բարձրացում էլ իրականում չկա:Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում այսօր 1 մլն 146 հազ. մարդ պաշտոնապես աղքատ է և ամեն օր լուրի են սպասում, որ, այսպես կոչված, քաղաքական էլիտան իրենց աղքատության ճիրաններից պետք է հանի: «Եվ ահա այսօր, նրանք կստանան «բարի» լուրը, որ քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել ինքն իր աշխատավարձը: Ինչ է սա, եթե ոչ ցինիզմ՝ աքատության, հուսահատության և արտագաղթի ֆոնին: Սա ասում եմ հատուկ նրանց համար, ովքեր կփորձեն իմ դիրքորոշումը որակել որպես պոպուլիստական»,- նշել է Փաշինյանը։
«Ինչո՞ւ պիտի բարձրանա Սերժ Սարգսյանի աշխատավարձը, 2008 թվականի մարտի մեկին Երեւան քաղաքը տանկերով օկուպացնելո՞ւ, թե՞ եվրոպաներում եւ ռուսաստաններում ՀՀ-ն ծաղրի առարկա դարձնելու համար»,- իր խոսքում ասել է Ն. Փաշինյանը: Նա ևս մեկ անգամ բարձրաձայնել է, թե ինչո՞ւ պետք է բարձրանա վարչապետ Տիգրան Սարգսյանի, մշակույթի և քաղաքաշինության նախարարների, դատախազների ու ոստիկանների աշխատավարձերը, երբ նրանք համրի նման հետևել են, թե ինչպես է օլիգարխը քարուքանդ անում մշակութային արժեքները:
Փաշինյանը նաև ընդգծել է, որ ավելի քան մեկ տարի նրանք ԱԺ-ում են և դեռ ոչ մեկի ցավը չեն դարմանել: «Ինձ ասեք մի դեպք, երբ դարմանել ենք Հայաստանից գլխապատառ փախչող ժողովրդի ցավը»,- ասել է նա:
Ն. Փաշինյանին զարմացրել են հատկապես ընդդիմադիր այն պատգամավորների հայտարարությունները, թե իրենք լինելով ընդդիմություն՝ կողմ են քվեարկելու այս նախագծին: «Իմ համեստ եւ անձնական պատկերացմամբ՝ ընդդիմություն լինելով եւ Պռոշյանի գյուղապետի սպանությունը բացահայտողի թիվ մեկ դերում լինելով՝ չեն գնում եւ կողմ քվեարկում Ավետիք Բուդաղյանի սպանությունը պարտակած դատախազի թեկնածուին, եւ ոչ էլ համաձայնում են դեսպանի պաշտոն ստանալուն: Սա, իմիջիայլոց, պարզապես փաստերը ճշգրտելու համար»:
Փաշինյանն անդրադարձել է նաև ֆինանսների նախարարի հայտարարությանն, համաձայն որի՝ պատգամավորների աշխատավարձի բարձրացումը կօգնի պատգամավորին ավելի անկախ լինել, և ասել է, որ դա իրեն հիշեցնում է հայտնի ֆիլմի մեջ հնչող հարցը՝ Շուռա, ինչքան է քեզ հարկավոր երջանիկ լինելու համար: Կառավարության տրամաբանությամբ, պատգամավորին ազատ լինելու համար չի բավականացնում ընդամենը 329 հազ. 805 դրամ: Հենց այսքան են պատրաստվում բարձրացնել պատգամավորի աշխատավարձը»,- եզրափակեց Փաշինյանը:
Էմմա Պալյան