Այսօր Մոսկվայում Հայաստանի պատվիրակությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կքննարկի Մաքսային միությանը միանալու հարցը։ Հայկական պատվիրակության կազմում են 9 փոխնախարարներ, այդ թվում փոխարտգործնախարարը, էկոնոմիկայի, ֆինանսների, գյուղատնտեսության նախարարների տեղակալները, մաքսային, հարկային պատասխանատուներ և այլն։ Այս մասին հաղորդում է Izvestia-ն։
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն ասել է, որ Հայաստանին ահրաժեշտ է համադրել Մաքսային միության կանոնները Հայաստանի օրենսդրության հետ։ Նա նշել է, որ Մաքսայինին միանալը բարդացնում է Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը։ Նշվում է, որ փոխվարչապետների մակարդակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստը կկայանա վաղը, իսկ դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին կստորագրվի «ճանապարհային քարտեզը»։