««Հայազն» կուսակցությունը չի պատրաստվում միանալ իրենց «ոչ իշխանական» հայտարարած ուժերին: Չի միանա որևէ միության, քանի դեռ չկա հստակ ծրագիր, չկա գաղափարական միասնություն: Բացի դրանից, ժողովրդին մի բան կոչ անելուց առաջ, պետք է վաստակել մանդատ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը:
«Ժողովուրդը դուրս կգա ցանկացած բարիկադ կառուցողի հետևից, եթե, իհարկե, որևէ քաղաքական ուժ այդ բարիկադը կառուցի: Կարծում եմ` ԲՀԿ-ն ուղղակի ասում է, ու դեռ հարց է, թե բարիկադներից հետո ո՞վ է գալու իշխանության: Իհարկե ասում են, որ ԲՀԿ-ի հետեւում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, բայց դա չի նշանակում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայն է, որ երկրորդ նախագահը գա իշխանության, քանի որ կա Մարտի մեկի գործոնը: Միայն սրա համար Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է թույլ չտա, որ Քոչարյանը վերադառնա: Եթե Քոչարյանը գա իշխանության եւ առաջին նախագահը կանգնի նրա կողքին, ապա լուրջ խնդիրներ կունենա իր համախոհների հետ»,- շարունակեց բանախոսը:
Խոսելով «Ով մեզ հետ չէ, դավաճան է» սկզբունքի մասին, Աղայանն ասաց. «Այսօր Հայաստանում ձեւավորվում է գործակալական հարձակումներ ձեւաչափը, երբ տարբեր ուժեր, քաղաքացիական նախաձեռնություններ իրար մեղադրում են սրա նրա գործակալը լինելու: Եթե մեկը քննադատում է չորս ուժերին, ասում են` իշխանական գործակալ է նա: Այնպես որ հորդորում եմ բոլորին՝ անհիմն չմեղադրել միմյանց»:
Խոսելով իրենց ուժի անելիքներից, բանախոսն ասաց, որ շուտով հասարակությունը կծանոթանա իրենց ծրագրերին ու այն ճանապարհային քարտեզին, որով և ակնկալում են պայքարել՝ չխուսափելով Սերժ Սարգսյանի ու ողջ համակարգի հրաժարականի պահանջից: