Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում հրապարակվել են «Տարվա մարդ-2019» մրցանակի հաղթողների անունները՝ ըստ հայտնի GQ տղամարդկանց հանդեսի վարկածի:
«Տարվա գործարար» անվանակարգում հաղթող է դարձել «Յանդեքս» խմբի տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:
«Նրա ղեկավարությամբ «Յանդեքս. տաքսի»-ի հասույթը միայն անցյալ տարի աճել է 293%-ով, իսկ ծառայության ծածկույթի տարածքը տարածվել է մինչև Կոտ դ’Իվուար: Զարմանալի չէ, որ հենց Խուդավերդյանն է այս տարի նշանակվել Yandex-ի ողջ խմբի կառավարիչ տնօրեն»,- նշված է հրատարակության կայքում:
Հաղթողների շարքում հայտնվել են սպորտի, բիզնեսի, մշակույթի այլ հայազգի գործիչներ ևս: «Սպորտի արքա» հատուկ անվանակարգում հաղթող է ճանաչվել թենիսիստ Կարեն Խաչանովը, որը պարգևատրման արարողությանը չէր կարողացել մասնակցել, քանի որ այդ պահին ծննդաբերում էր կինը:
«Տարվա պրոդյուսեր» անվանակարգում միանգամից մի քանի հայ էին նշվել՝ գործարար և ռեժիսոր Սերգեյ Սարկիսովը «Դեպի Փարիզ» ֆիլմի համար, կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը գործընկերների՝ Անտոն Զլատոպոլսկու և Լեոնարդ Բլավատնիկովի հետ «Տ-34» ֆիլմի համար և Կարեն Շահինյանը՝ Միխայիլ Զիգարի և Թիմուր Բեկմամբետովի հետ «1968. Digital» սերիալի համար: