Համատիրություններին կատարվող վճարումների ձևաչափում սպասվում են փոփոխություններ: Ապրիլի 1-ից բազմաբնակարան շենքի բնակիչները համատիրությունների գումարները կտան ոչ թե կառույցի աշխատողին, այլ կվճարեն կոնկրետ հաշվի համարին: Այսինքն՝ գումարի հավաքագրման գործընթացում համատիրությունների աշխատողներն այլևս դեր չեն ունենա: Այս առնչությամբ օրենսդրական նախաձեռնություններն Ազգային ժողովում են:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, որը օրենսդրական փոփոխությունների հեղինակն է, նշեց, որ այս քայլի նպատակն է համատիրությունների վճարումները դարձնել թափանցիկ:
«Փոփոխության բուն նպատակը համատիրությունների ֆինանսական համակարգն առավել թափանցիկ դարձնելն է: Մեր քաղաքացիները չեն կարողանում վերահսկել այդ մեխանիզմները, իրենց համար պարզ չէ, թե ինչքան գումար է հավաքվում ընդհանրապես, և որտեղ են դրանք ծախսվում: Հիմա նոր փոփոխությունների համաձայն՝ վճարումը կկատարվի ոչ թե առձեռն, այլ կոնկրետ հաշվի համարին»,-ասաց Վաղարշակ Հակոբյանը:
Օրենքի նախագիծն առաջիկայում վերջնական կհաստատվի, որից հետո կսկսվի ակտիվ իրազեկման գործընթաց, որպեսզի համատիրությունները մինչև ապրիլի 1-ը կարողանան այդ նախապատրաստական գործընթացն ավարտին հասցնել: Դրանից բացի, քաղաքացիներին տեղյակ պահել, փոխանցել նոր բացված հաշվի համարները: Քաղաքացիների համար հավելյալ բեռ չի լինելու, ինչպես սովորաբար կատարում են իրենց ծախսած գազի, էլեկտրաէներգիայի դիմաց, դրան զուգահեռ կարող են կատարել նաև համատիրության վճարումները:
«Համատիրությունները փակ հիմնարկներ են եղել, լիարժեք վերահսկողություն չի իրականացվել: Ունենք իրավիճակ, երբ շենքերում տևական ժամանակ ոչինչ չի արվել: Իհարկե, կան նաև համատիրություններ, որոնք օրինակելի են, լավ են աշխատել, սակայն, ընդհանուր առմամբ, ոլորտը կարգավորելու կարիք կա: Այդ նպատակով էլ առաջարկվել են այս օրենսդրական փոփոխությունները»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր բազմաբնակարան շենք ունենալու է իր հաշվի համարը, այսինքն՝ յուրաքանչյուր շենքից հավաքված գումարը լինելու է հենց տվյալ շենքի հաշվին: Շենքի բնակիչները կարող են տեսնել, թե իրենք որքան գումար են հավաքել, և հենց իրենք էլ համատիրությունների հետ որոշեն շենքի աշխատանքների առաջնահերթությունները:
Վաղարշակ Հակոբյանը տեղեկացրեց, որ սա դեռ սկիզբն է, Քաղաքաշինության կոմիտեն համապարփակ առաջարկությունների փաթեթ է պատրաստում, որում տեղ կգտնեն ոլորտում առկա այլ խնդիրների լուծումները ևս: