Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Օվերն Ռոն Ալպ շրջանային Խորհրդի նախագահ Լորան Վոքիեի հետ։
Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում, մասնավորապես, նշվում է, որ Արցախի ժողովրդի մեկուսացումը խոչընդոտում է նրա կողմից իր հիմնարար իրավունքների և ազատությունների իրացումն ու հակասում ազատության, հավասարության և համագործակցության ոգուն, առանց որոնց տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատումն անհնար է:
Հռչակագրում անդրադարձ է կատարվում նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, մասնավորապես, համոզմունք է հայտնվում, որ Արցախի իշխանությունների վերստին ներգրավումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին առավել բարենպաստ պայմաններ կստեղծի ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման համար։
Հռչակագրին միացել են նաև Օվերն Ռոն Ալպ շրջանի մի շարք քաղաքների քաղաքապետեր։