տուն Տնտեսական Համաշխարհային բանկը 873 մլն դոլար կտրամադրի ՀՀ-ին՝ հաջորդ 4 տարում

Համաշխարհային բանկը 873 մլն դոլար կտրամադրի ՀՀ-ին՝ հաջորդ 4 տարում

164
0

Համաշխարհային բանկը հաջորդ 4 տարիներին պատրաստվում է 873 մլն դոլարի օժանդակություն տրամադրել Հայաստանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի և երևանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին: Գումարները կտրամադրվեն միջազգային զարգացման ընկերակցության, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ֆինանսական միջոցների հասանելիության ապահովմամբ:

Գումարների տրամադրումը նախատեսված է 2014-2017թթ ՀՀ հետ Բանկի գործընկերության ռազմավարությամբ: Այդ ռազմավարությունն էլ, ըստ Հափիի, հիմնվում է մինչև 2025թ. Հայաստանի զարգացման ռազմավարության վրա և շեշտը դնում է մասնավոր հատվածի կողմից Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանը: 2014-2017թթ ռազմավարությունը առանցքային է համարում նաև ավելի քան 1 մլն կազմող գյուղական բնակչության կենսապահովման միջոց հանդիսացող գյուղատնտեսությունում աշխատանքի արտադրողականության բարելավումը, որը կարող է հանգեցնել ավելի մեծ տնտեսական աճի, ընդհանուր բարեկեցության և աղքատության նվազման թե գյուղական, թե քաղաքային բնակավայրերում:

Ռազմավարության ներքո, ըստ Երևանի գրասենյակի ղեկավարի, աջակցություն կցուցաբերվի հետևյալ երկու ուղղություններով: Առաջին՝ Մրցունակությանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված աջակցություն՝ բիզնես վարելու դյուրինության, արտահանման, տուրիզմի խթանման և ՓՄՁ -ների համար ֆինանսավորման հասանելիության բարելավման միջոցով: Եվ երկրորդ՝ սոցիալական ծառայությունների մատուցման արդյունավետության ու արդարացիության բարելավմանն ուղղված աջակցություն՝ որակյալ առողջապահության, կրթական ծառայությունները հասանելի դարձնելով բոլորի, հատկապես՝ կանանց համար և սոցիալական ապահովության համակարգը ամրապնդելու միջոցով:

«Համաշխարհային բանկի խմբի աջակցությամբ ուշադրության կենտրոնում պահելով աշխատատեղերի հարցը՝ մենք նպատակ ունենք խթանելու եկամտի աճ, ներառյալ՝ կանանց և երիտասարդների շրջանում, միևնույն ժամանակ ծայրահեղ աղքատների համար բարելավելով հիմնական սոցիալական ծառայությունների ծածկույթը և եկամտային բաշխման սանդղակի ստորին հատվածում հայտնված բնակչության 40 տոկոսի համար բարձրացնելով այդ ծառայությունների հասանելիությունը»,- ասաց Ժան Միշել Հափին:

1992թ ի վեր մինչ օրս ՀԲ-ն Հայաստանին հատկացրել է 1.746 մլն ԱՄՆ դոլար: Ներկայումս ՀԲ պորտֆելում կա 14 ակտիվ ծրագիր, որոնց ընդհանուր գումարային արժեքը կազմում է 445.4 մլն դոլար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here