Քիչ առաջ ԱԺ-ն համաներման մասին որոշումն ընդունեց 102 կողմ, 0 ձեռնպահ և 0 դեմ ձայներով:
Խորհրդարանի կողմից ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրությամբ հաստատումից հետո ընդունված համաներման մասին որոշումը ուժի մեջ կմտնի 24 ժամվա ընթացքում։ Այսինքն՝ բոլոր ազատազրկվածներին, ում վրա տարածվում է համաներումը, պետք է սկսեն ազատ արձակել: Հիշեցնենք, որ ըստ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ անմիջապես ազատ կարձակվեն 400-500 ազատազրկվածներ։
Ազատ արձակման պրոցեսը կշարունակվի մինչև 2013 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ, մինչև տոները։
Մինչ որոշման հաստատումը Հրայր Թովմասյանը ներկայացրեց որոշման վերջնական տեքստն ու ասաց, որ նախորդ գիշերն իր համար ամենադժվարներից էր։
«Երեկ գիշերն իմ կյանքի ամենադժվար գիշերներից մեկն էր, երևի այն հոգեվիճակում էի, ինչ հոգեվիճակում գտնվում էին դատավորները, դատավճիռ կայացնելիս, թեպետ պարզ հասկանալի է , որ մենք արդարադատություն չենք իրականացնում»,- ԱԺ ամբիոնից ասաց նա։
Նախարարը նշեց, թե համաներումը տարածվում է հարյուրավոր գուցե և հազարավոր անձանց վրա, որոնց ճակատագիրը պետությանը հուզում է, ուստի յուրաքանչյուր ձևակերպման շուրջ արվել է հնարավորինը որևէ խոչընդոտ չառաջացնելու համար։
Նախարարը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին և նկատեց, թե սա առաջին դեպքն էր, որ պատգամավորների առաջարկներն ավելի շատ ուղղված էին խստացնելուն, քան մեղմացնելուն։ «Այդ է, որ մենք մի կողմից մարդասիրության զուգահեռ հասկանում ենք այդ արարքների հասարակության համար վտանգավորության չափը և ազատ արձակելու գինը»,- նշեց նա։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջում ավելացրեց, թե ինչպես իրենց, այնպես էլ բոլորի համար կարևոր է, որպեսզի համաներումն իրականացվի թափանցիկ և անաչառ։