Այն կարողությունը, որ այսօր ունի խոշորացված համայնքը, չունեն փոքր համայնքները: Այս մասին «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա առաջարկեց համայնքների խոշորացում արտահայտության փոխարեն այն անվանել «միավորում»:
«Մենք ուղղակի հիմա մեխանիզմներն ենք սահմանում, որ ոչ թե դա լինի հրամայական, ստիպողաբար, այլ լինի գիտակցված, իսկ հետագա ընթացքը պետք է պատկերացնելի լինի,- ասաց նա՝ հավելելով,- այսօր փոքր համայնքների մեծ մասը կախված են կառավարությունից, եւ համայնքների ապակենտրոնացման, համահարթ զարգացման գաղափարը չի բխում մեր իրականությունից, որովհետեւ մեր համայնքները մեծապես կախված են կառավարության տված դոտացիայից: Այսինքն, եթե կառավարությունը դոտացիա չտա, այսօրվա համայնքը չի կարող անգամ իր աշխատակազմին աշխատավարձ վճարելու իր հարցերը լուծել: Սա նորմալ չէ»,- ասաց նախարարը:
Նա նկատեց, որ խոշոր համայնքներն ավելի հեշտ են կարողանում իրենց հարցերը լուծել։