Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այսօր մտածում էի, թե եթե մենք մի մեծ համահայկական մարաթոն անեինք՝ հավաքված գումարը ՀՀ առկա իշխանություններին հանձնելով նրանցից ազատվելու (դե, կարծում եմ, որ հեղափոխությունն ավելի ծանր կնստի ՀՀ-ի վրա, իսկ իրենք իրենց ծախելու սովոր մարդիկ են, ում նաև միշտ սպառնում է իշխանության կորուստը, կհամաձայնեն փողին), ինչքա՞ն կհավաքվեր, և արդյոք դա բավարար կլինե՞ր «հիմնական խմբից» ազատվելուն:
Ահել-ջահել թոշակի գնան ու գալուստսահակյանական թամադայությամբ «ետիշխանական խնջույքներով» անեն, հիշեն «անցյալի լավ-լավ օրերը», միմյանց կենացները խմեն, զբաղվեն հաճելի բամբասանքներով, տաքանան արևի տակ, կազինոներում կիրք եռացնեն ու չարախնդան իրենց լծից ազատված «նոր պետության» ոտքի կանգնելու դժվարությունների տառապանքներով: Ազդվեն փակվող հանքերից, վերականգնվող իրավունքներից ու բնական ռեսուրսներից, զարգացող «մանր ու միջինից» և տնտեսության զարգացումից բյուջե մտնող հոսքերից, տնկվող անտառներից, չսահող հողերից, չթունավորվող ջրերից, վարկային վաշխառուական տոկոսների նվազումից, վարկային ստրկությունից ազատված գյուղական տնտեսությունների արտադրանքից, գիտական արտադրանքից, ժպտացող դեմքերից, Հայրենիքում ապրելու և Հայրենիքը պաշտպանելու կամքի ձևավորումից, գործազուրկ մնացած գանգստեր թիկնապահների դեգրադացումից, իրենց ժառանգների մեջ սկսվող ժառանգության վեճերից… Կարգին ադրենալինի հոսք կլինի:
Անշուշտ, հաշվի էի առնում, որ այդ կարգի փողահավաք մարաթոնին կմասնակցեին հիմնականում շղթայվածները: Փորձեցի «հիմնական խմբի»՝ եղանակ ստեղծողների ցուցակ կազմել: Պատկառելի թիվ ստացվեց (նախագահներ, հին ու նոր կուսակցապետեր, նախարարներ, վարչապետներ, սահմանադրական դատարան, դրածո և կուսակցական օլիգարխներ և այլն): Եվ դեռ քանի՜սը կհավակնեին, մարզպետա-դատավորախառը…
Չէ՜, հայկական կապիտալը չի բավարարի: Կբոյկոտեն… Ափսոս:
Մնում է հեղափոխությունը: Ինչն անհամեմատ կդժվարացնի «նոր Հայաստանի» կառուցումը: Բայց այս դեպքում դրանք շատ կորուստներ կունենան: Լավ մտածելու դեպքում՝ կհամաձայնեն: Խորովածը՝ շա՜տ, գինին՝ անսպա՜ռ, իրենց երգիչ-երգչուհիներն էլ՝ պատրաստակա՜մ…