1991 թվականի դեկտեմբերին 8-ին Ռուսաստանը, Բելառուսը եւ Ուկրաինան ստորագրեցին Բելովեժյան համաձայնագիրը, ստեղծվեց ԱՊՀ-ն, դեկտեմբերի 21-ին դրան միացան եւս մի քանի երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ Դեկտեմբերի 25-ին Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց, իսկ հաջորդ օրը` դեկտեմբերի 26-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերին պալատը` Հանրապետությունների խորհուրդը, որում դեռ պահպանվել էր որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ քվորում, ընդունեց թիվ 142-H բանաձեւը` ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին։
Այս ամենով կարծես վերջ դրվեց ԽՍՀՄ-ին կամ որ նույն է՝ խորհրդային տարածքներում ռուսական տիրապետությանը: Մինչ այդ արդեն՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի տարածքում անցկացվել էր հանրաքվե ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ ճնշող մեծամասնությունը՝ 94.39 տոկոսը, «այո» էր ասել անկախությանը, իսկ հոկտեմբերի 16-ին առաջին անգամ անցկացվել էին նախագահական համաժողովրդական ընտրություններ, և ձայների ճնշող մեծամասնությամբ հանրապետության նախագահ էր ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը:
ԽՍՀՄ հենարաններից մեկը, եթե ոչ ամենակարևորագույն հենարանը հանդիսանում էր ՊԱԿ-ը` իր ընդգրկուն գործակալական ցանցով: Հենց այս ցանցի միջոցով էր կատարվում հանրության տարբեր շերտերի վերահսկողությունը, «հակապետական խոսակցությունների, տրամադրությունների» բացահայտումը: Տարիներ շարունակ գործած այս ցանցի անդամները անհատույց ծառայություն չէին մատուցում պետությանը, այլ իրենց փոխանցած ցանկացած տեղեկատվության համար պարգևատրվում էին: Այդ պարգևատրումները հիմնականում դրսևորվում էին կարիերայի աստիճանավանդակով բարձրացմամբ: Եվ այս գործընթացի շարունակականության հետևանքով քաղաքական, մտավորական, հասարակական էլիտայի մեծ մասը կազմում էին մարդիկ, ովքեր հանդիսացել են այս գործակալական ցանցի անդամ կամ համագործակցել էին վերջինիս հետ:
Ի՞նչ տեղի ունեցավ ԽՍՀՄ փլուզումից հետո: Փլուզվե՞ց արդյոք այս գործակալական ցանցը: Իհարկե, սկզբնական շրջանում այս ցանցի տարբեր տրամաչափի անդամներ ցրվեցին աշխարհով մեկ` իրենց հետ տանելով նաև որոշակի տեղեկատվություն: Հետագայում այդ տեղեկատվությունը օգտագործվեց նաև այլ պետությունների հատուկ ծառայությունների կողմից: Այսինքն՝ որոշակի չափով տեղի ունեցավ այլ պետությունների հատուկ ծառայությունների կողմից ՊԱԿ-ի նախկին գործակալների «որդեգրման» գործընթաց, քանի որ դա հնարավորություն էր տալիս չբացահայտվել, ինչու չէ՝ նաև վարձատրվել:
Սակայն գաղտնիք չէ նաև, որ, ի տարբերություն ԽՍՀՄ այլ գերատեսչությունների, ՊԱԿ-ը, որպես այդպիսին, «չի լուծարվել», և նախկին խորհրդային հանրապետությունների անվտանգության ծառայություններն էլ մեծամասամբ հանդիսանում են այս կառույցի մասնաճյուղերը, բացառությամբ այն երկրների, որոնք իրականացրել են «լյուստրացիա»՝ Մերձբալթյան երկրներ, Վրաստան:
Հայաստանում նույնպես ժամանակ առ ժամանակ խոսվում է լյուստրացիայի մասին, անգամ 2011 թվականին ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը հանդես եկավ «Գաղտնազերծման մասին» օրենքի նախագծով, որը ենթադրում էր մինչև 1991 թ. սեպտեմբերի 21-ը այլ երկրների հետախուզական ծառայությունների հետ համագործակցած անձանց բացահայտում: Այս նախագիծը առաջացրեց քաղաքական և հասարակական էլիտայի մի մեծ հատվածի դիմադրությունը, ինչը ևս վկայում է այդ էլիտաների կազմում նախկին և ներկա գործակալների մեծ քանակության մասին:
Հիմա եթե դիտարկենք, թե նախկին խորհրդային երկրներից որոնք են կարողացել փոխել արտաքին քաղաքական կուրսը կամ վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն, ապա չի կարելի չնկատել այդ ամենում լյուստրացիայի կարևոր նշանակությունը:
Հայաստանում այդպես էլ հնարավոր չի դառնում հասնել այդ ամենին, ինչը կհանդիսանա համակարգափոխության իրական նախադրյալ: Սակայն անկախության և ինքնիշխանության մասին արտահայտությունները, հայտարարությունները, դրա համար կատարվող գործողություններն և այդ հայտարարությունների և գործողությունների համեմատությունը կարող են յուրահատուկ ինդիկատոր հանդիսանալ գործակալների համար:
Նարեկ Ամյան