Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մարզահամերգային համալիրի աճուրդի գործը գտնվում է վերաքննիչ դատարանում:
«Դատական նիստին ես չեմ մասնակցել: Ընդհանուր իրավասության դատարանը որոշման կատարողական մասը իրականացնելիս խախտել է Սահմանադրությունը, այդ մասով վերաքննիչ դատը պետք է կանխել ու ուղարկել Սահմանադրական դատարան: Երբ ներկայացվել է աճուրդի՝ գույքի նկարագրության մեջ նշված չի եղել, որ այն, կառավարության որոշմամբ, պատմամշակութային հուշարձան է»,-ասում է փաստաբան Արմինե Հակոբյանը:
Կորյուն Գրիգորյանը վստահեցնում է, որ ԴԱՀԿ-ն իրավասու կառույց չէ, և, այդ իմաստով, ԴԱՀԿ-ի կայացրած որոշումներն առոչինչ են:
«Աճուրդի երկրորդ փուլի վերջին օրն է այսօր, դեռևս չկա հավանական գնորդ, չի էլ լինելու: Ոչ մի անհատ չի ցանկանա ձեռք բերել Մարզահամերգային համալիրը այս աճուրդի միջոցով, որովհետև այն ապօրիննի է: Մարզահամերգային համալիրի գործունեության ամենամեծ դժվարությունը ժողովրդի վիճակն է: Ամեն ամիս Մարզահամերգային համալիրի գործունեության համար ծախսվում է 40 մլն դրամ: Մենք համալիրին մոտենում ենք որպես բարեգործություն»,- ասում է Կորյուն Գրիգորյանը:
Վերջինս, սակայն, դժվարացավ հիշել, թե որքան գումարով է ներկայիս սեփականատերը ձեռք բերել Մարզահամերգային համալիրը: