ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հաղթանակի շքերթը տեղի կունենա հունիսի 24-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, երկրի ղեկավարը հրամայել է սկսել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսի նախապատրաստությունը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և այլ քաղաքներում։
«Մենք դա կանենք հունիսի 24-ին, այն օրը, երբ 1945 թվականին տեղի ունեցավ հաղթողների լեգենդար պատմական շքերթը, երբ Կարմիր հրապարակով անցան մարտիկները, ովքեր մարտնչեցին Մոսկվայի մոտ և պաշտպանեցին Լենինգրադը, ովքեր կռվում էին Ստալինգրադի մոտ, ազատագրեցին Եվրոպան, գրոհեցին Բեռլինը»,- ասվում է Պուտինի հրամանում։