Այսօր ԱԺ-ում 62 «դեմ» եւ 10 «կողմ» ձայների քվեարկությամբ չընդունվեց ՀԱԿ խմբակցության կողմից առաջադրված հարցապնդումըˋ ՀՀ -ում կոռուպցիայի վերացման մասին:
Քվեարկությունից առաջ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը իր խոսքն ուղղեց ՀՀԿ-ին. «Դուք էլ եք ընդունում, որ կոռուպցիան մեր երկրի գլխավոր չարիքն է, ուրեմն քայլ անենք այդ չարիքի հաղթահարման ուղղությամբ, միասին վերացնենք կոռուպցիան: Սա առաջարկություն է ձեր նշանակած գլխավոր դատախազին: Եկեք կառավարությանը հանձնարարենք պատրաստել միջոցառումների շարք, եթե դուք դեմ եք կոռուպցիային մեր երկրում»:
Մինդեռ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, վարման կարգի վերաբերյալ արտահայտվելով, ընդգծեց, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու այս հարցապնդմանը, եւ «անհեթեթություններին չեն կարող իրավական տեսք տալ»:
Խոսքով հանդես եկավ նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նշելով, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու այս հարցապնդմանը. «Կրկնում եմ կոռուպցիան պրոբլեմ է, աղբ է պետության համար եւ ժողովրդավարության ամենամեծ պրեբլեմեներից մեկն է: Մենք աստիճանաբար պայքարում ենք դրա դեմ: ՀՀԿ-ն քվեարկելու է դեմ այս հարցապնդմանը»:
Շարմազանովին ընդհատեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` պնդելով, որ վարման կարգի վերաբերյալ խոսքը վերածվում է բանավեճի, ինչն անթույլատրելի է և ինչի համար երեկ ընդհատել էին իր խոսքը: Ի պատասխանˋ Շարմազանովը մատ թափ տվեց Նիկոլ Փաշինյանի վրա:
Փաշինյանը շարունակեց իր տեղից խոսել, որին Շարմազանովը հակադարձեց, խոսքի մեջ օգտագործելով՝ «արա» դիմելաձեւը, ինչն էլ հունից հանեց Փաշինյանին։
«Արա»-ն դու ես, մեկ էլ շեֆդ ա»,-պատասխանել է Փաշինյանը։
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հորդորեց պատգամավորներին կարգ ու կանոն պահպանել, որից հետո տեղի ունեցավ քվեարկությունը եւ ՀԱԿ-ի հարցապնդումը ձայների մեծամասնությամբ մերժվեց:
Նիստին ներկա էր 104 պատգամավոր:
Լիլիթ Առաքելյան