ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 11-ին մասնակցել է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» թեմայով ամենամյա գիտաժողովի հանդիսավոր բացմանը և ողջունել ներկաներին։
Նախարարն անդրադարձել է օրեր առաջ մեր երկրում տեղի ունեցած մեծագույն իրադարձություններից մեկին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին։ Նա նշել է, որ այն մեծ հնարավորություններ է ստեղծել, որի հետևից դեռ պետք է գնալ, և ամեն մեկի անհատական ջանքի շնորհիվ կարելի է շոշափելի արդյունքներ գրանցել։
Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև մեկ այլ կարևոր իրադարձության՝ էլեկտրոտեխնիկայի բնագավառում աշխարհում շատ հայտնի «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society» բաժնի մասնաճյուղ Հայաստանում բացելու նախաձեռնության մասին։ Հակոբ Արշակյանն ընդգծել է հատկապես «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի ներդրած ջանքերն այդ ուղղությամբ, ինչի շնորհիվ Հայաստանն էլ ավելի մեծ հնարավորություն կունենա գիտական ու միջազգային հանրության հետ շփվելու, զարգացնելու մեր երկրի տեխնոլոգիական արդյունաբերությունը:
Նախարարը խոսել է նաև բոլոր ժամանակներում հայ գիտնականների ունեցած նվաճումների մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր չէր ունենա տեխնոլոգիական այս զարգացումը, եթե նախորդ տասնամյակներում այդքան գիտական ներուժ չկուտակվեր և ռեսուրսներ չներդրվեր գիտության առաջընթացի համար։
«Այն, ինչ այսօր կա տեխնոլոգիական զարգացման առումով, և այն առաջանցիկ տեմպերը, ինչով այսօր զարգանում ենք, շատ մեծ կապ ունի, թե ինչքան ուշադրություն է դարձվել գիտությանը, գիտնականին և ինչքան ջանքեր են գործադրվել Ակադեմիայի ինստիտուտներում և այլ ուղղություններում գիտահետազոտական աշխատանքների կատարման առաջանցիկ ծրագրերով զբաղվելու ուղղությամբ։ Մենք նորից վերաիմաստավորում և վերաարժևորում ենք գիտության դերը, պետք է նորից ջանքեր գործադրենք գիտության զարգացման համար»,- ասել է նախարարը։
Հակոբ Արշակյանը անդրադարձել է նաև նախարարության՝ գիտության և գիտահետազոտությանը վերաբերող գործունեությանը։ Նա ներկաներին տեղեկացրել է, որ հաջորդ տարվա համար պաշտպանական արդյունաբերության բյուջեն, որն ամբողջությամբ գիտահետազոտական է, կրկնապատկվել է։
Ներկաներին ողջունել է նաև Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Նա ընդգծել է, որ Հայաստանը շատ հաջողությամբ էր կազմակերպել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որը շատ կաևոր դեր ունի մեր երկրի համար։
Անդրեա Վիկտորինը նաև նշել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանի տնտեսությանը, մասնավոր հատվածին ն և ամենակարևոր ճյուղերից մեկի՝ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։
ԵՄ դեսպանն անդրադարձել է նաև տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածության, աշխատատեղերի բացման, երիտասարդ կադրերի առաջընթացի համար ստեղծված հնարավորություններին և այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին։