Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի մամուլի ասուլիսը:
Թեմայի առանցքում` ԱԱՏՄ-ի կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու վերահսկողական աշխատանքներն էին:
Բանախոսը ասուլիսի ներածական մասում հակիրճ ներկայացրեց ԱԱՏՄ-ի կողմից այս ընթացքում կատարված աշխատանքները:
«Մարտի քսանից սկսված, պարետի որոշմամբ, տեսչական մարմնի կողմից ստեղծվել էր մշտադիտարկման խումբ: Մեր կողմից արձանագրվել է շուրջ ութ հարյուր մշտադիտարկում, որի հետևանքով մի շարք տնտեսվարողների գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Սահմանային հսկիչ կետերից եղել են հոսպիտալացումներ կորոնավիրուսի ախտանիշներով պայմանավորված:
Համաձայն պարետի որոշումների, որոշ տնտեսական գործունեությունների սահմանափակումները վերացվել են: Տեսչական մարմնին առաջադրված է եղել հետևել կանոնների վերահսկողությանը»,- ասաց Հակոբ Ավագյանը:
Ներածական մասից հետո բանախոսը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:
Արտադրամասերում վարակի տարածման հետ կապված, բանախոսն ասաց, որ իրենք անընդհատ մշտադիտարկումներ են իրականացնում: Հետամուտ են լինում արձանագրել թերությունները և միջոցառումներ ձեռնարկել:
«Քանի դեռ տնտեսվարողները չեն ապահովել անվտանգության կանոնների համար համապատասխան միջոցներ, օրինակ՝ ջերմաչափ, պետք է չաշխատեն: Եվ այն տնտեսվարողները, ովքեր չեն ապահովի համապատասխան միջոցները, բայց կշարունակեն գործունեություն իրականացնել, մշտադիտարկման արդյունքում կբացահայտվեն: Ինչի արդյունքում նման տնտեսվարողների գործունեությունը դադարեցնող որոշում կկայացվի»,- եզրափակիչ մասում ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
Հայկ Մագոյան