Լինելով հայտնի «բաջանաղ»` իրավունք չուներ ղեկավարել էներգետիկայի նախարարությունը: Նա թաթախված է կոռուպցիոն ցանցում: Araratnews.am-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանի մասին ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, միջազգային փորձագետ Մովսես Արիստակեսյանը:
Նրա խոսքով`ՀԾԿՀ-ի որոշումը գազի սակագինը բարձրացնել միայն տնտեսվարողների համար եւ այդկերպ բավարարել Հայաստանին գազ մատակարարող «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտը, հակապետական է եւ անհիմն: «ՀԾԿՀ-ի այդ որոշումը չի բխում ՀՀ-ի հպարտ քաղաքացու, պետության շահերից, ուղղված է ՀՀ տնտեսվարող սուբյեկտների վատ վիճակը վատթարացնելու, ավելացնելու մեր տնտեսության վնասը, որն առաջացել է կորոնավիրուսի պատճառով, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ամբողջապես փլուզվի»,- վստահ է փորձագետը:
Սա ռազմավարական ընկերոջ քաղաքական թելադրանք է իր ընկերությանը, որը Հայաստանում գործունեություն է ծավալում մենաշնորհի դիրքերից:
ՀԿ-ի նախագահի խոսքով` ՀԾԿՀ-ը հիմնադրման օրվանից կոռուպցիոն ակնկալիքներով սպասարկել է բնական մենաշնորհ համարվող ծառայություն մատուցող ընկերությունների շահերը: «Դա վերաբերում է ջրին, գազին, էլեկտրաէներգիային, հեռախոսակապին, ապահովել է նրանց գերշահույթներ՝ աչք փակելով հատկապես «կորուստներ» կոչված ցուցանիշի վրա: Գազի սակագնում նորմատիվային եւ ոչ նորմատիվային կորուստներ կան: Անհասկանալի է, թե ինչու են գոյանում ոչ նորմատիվային կորուստները, որոնք են դրանք: Դրանք, ըստ իս, «լեվի» գծերն են, որոնք տրվել են թե՛ հանձնաժողովի, թե՛ նախկին քրեաօլիգարխիկ համակարգի գեներալների բիզնեսմեններին»,- հիշեցնում է մեր զրուցակիցը:
Մովսես Արիստակեսյանը համոզված է` ՀԾԿՀ-ն ի դեմս նրա ղեկավարի, կարող էր մերժել «Գազպրոմ Արմենիայի» հայտը գազի սակագնի բարձրացման վերաբերյալ, քանի որ նավթի գների իջնելու պարագայում գազի գնի բարձրացումը նոնսենս է: «ՀԾԿՀ-ը պետք է ուսումնասիրեր «Գազպրոմ Արմենիայի» գազի գնի բարձրացման հայտի հիմքը: Իսկ եթե գազի սակագնի բարձրացումն ունի քաղաքական նյուանս, կառավարությունը պետք է հրաժարվի գազային ստրկական պայմանագրից, որն ուժի մեջ է մինչեւ 2043 թվականը: Մեր գազային շուկան պետք է դարձնել մրցակցային, գազ ստանալ Իրանից Հայաստան եկող գազամուղով»,- ասաց ՀԿ նախագահը:
Փորձագետը կարծում է`Գարեգին Բաղրամյանին չպետք է նշանակեին ՀԾԿՀ նախագահ, քանի որ այդ անձը, լինելով հայտնի «բաջանաղ» (նկատի ունի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալ լինելը։ Արթուր Վանեցյանն այսօր պահանջում է իշխանության հրաժարականը-հեղ.), իրավունք չուներ ղեկավարել էներգետիկայի նախարարությունը, տապալել այդ նախարարության գործունեությունը, ապա նշանակվեր ՀԾԿՀ նախագահ: Գարեգին Բաղրամյանը 10 տարի եղել է այդ հանձնաժողովի սակագնային վարչության պետ, տապալել այդ կառույցի քաղաքականությունը: Նա, ըստ Մովսես Արիստակեսյանի, թաթախված է կոռուպցիոն գործարքների մեջ, ու նրա որոշումը գազի սակագնի բարձրացման վերաբերյալ հակաժողովրդական է: «Իրավապահները պետք է զբաղվեն ՀԾԿՀ ղեկավարի, անձանց հակապետական գործունեությամբ: Այդ ինչ 300 մլն դոլար պարտք էր, որի պատճառով Հայաստանն իր վերջին 20 տոկոս բաժնեմասը վաճառեց Ռուսաստանին: Ինչպես հաստատվեց գազի սակագինը, գազի «լեվի» գծեր կան մինչ օրս: Դրանց մասին ոչ մի աուդիտ ու քննություն չի արվել ո՛չ ՀԾԿՀ-ի, ո՛չ էլ նախորդ ու ներկա իշխանության օրոք»,- հիշեցրեց փորձագետը:
Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գազի միասնական սակագնի առաջարկը ԵԱՏՄ-ում մերժվեց, օրեր անց Իրանում մեր դեսպանը իրանցի պաշտոնյաների հետ հանդիպմանը Իրանից Հայաստան եկող գազի ծավալների մեծացման հարցը բարձրաձայնեց: Փորձագետին հարցրինք Իրանից Հայաստան գազի ծավալները մեծացնելն իրատեսակա՞ն է: «Շանս վաղուց կար` դա անելու, սակայն քաղաքական ճնշման տակ չէր արվում, անգամ այդ գազամուղը տրվեց «Գազպրոմի» տնօրինությանը, որ Հայաստանն այդ այլընտրանքը չկարողանա օգտագործել: Վրաստանի օրինակը բերեմ: Նա ինչպես է խաղում տարբեր ընկերությունների մրցակցության վրա: Լինելով Ռուսաստանի հետ պատերազմական իրավիճակում` կարողանում է խաղարկել այդ փաստարկը, գազ գնել նրանից: Մինչ այդ նա գազի մեծ ծավալ ստանում է Ադրբեջանից, իսկ նա սպառնում է բարձրացնել գազի գինը: Արդյունքը եղավ այն, որ Վրաստանն ավելի էժան գնով է գազ ստանում, քան Ռուսաստանի ռազմավարական գործընկեր Հայաստանը»,- պատասխանեց պարոն Արիստակեսյանը:
Ինչպես Հայաստանը կարողանա այս քաղաքականությունը վարել, եթե Արցախի խնդիրը կա: Գուցե հայ-ռուսական հարաբերությունների սրման դեպքում սահմանում իրավիճակը լարվի: Ի պատասխան փորձագետն ասաց`վախով չպետք է ապրել, որովհետեւ ապրիլյան պատերազմում, որը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածության արդյունք էր, ապացուցել ենք` կարող ենք մեր սահմանները պաշտպանել: «Ես պատրաստ եմ թանկ գնով վճարել սակագնի համար, բայց երբեք չընկճվել Ռուսաստանի առաջ»,- հավաստիացրեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, միջազգային փորձագետ Մովսես Արիստակեսյանը:
Հիշեցնենք` ՀԾԿՀ-ի աշխատակազմն առաջարկում է բնակչությանը՝ բացառությամբ սոցիալապես անապահով սպառողներին, տարեկան մինչեւ 600 խմ բնական գազի սպառման վաճառվող գինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ 1000 խմ-ի համար, սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչեւ 600 խմ բնական գազի սակագինը նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ ջերմոցային տնտեսություններին, նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ժամանակահատվածի համար, ինչպես նաեւ վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանել 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար՝ ամսական մինչեւ 10 հազար խմ շրջանակում սպառվող բնական գազի համար սահմանել 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար եւ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող բնական գազի համար սահմանել յուրաքանչյուր 1000 խմ-ի համար 255, 99 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սակագին: ՀԾԿՀ-ի այս առաջարկն այսօր քննարկել են «Գազպրոմ Արմենիա» եւ «Տրանսգազ» ՍՊԸ-ի հետ:
Սոնա Դավթյան