«Մեզ նման զարգացվածության աստիճան ունեցող երկրներում վաղուց այս օրենքներն ընդունված են, և մարդու առողջությունը դրված է հենց առաջին տեղում։ Տնտեսական առումով էլ դրանք բերում են միայն դրական էֆեկտի»,- այսօր հակածխախոտային օրինագծի վերաբերյալ քննարկման ընթացքում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Օրենքով տարբեր սահմանափակումներ են լինելու ծխելու վայրերի, վաճառքի, ցուցադրության և այլնի հետ կապված»,- նշել է նա՝ ընդգծելով, որ հակածխախոտային օրենքն ընդունելու համար ՀՀ-ն բավականաչափ հասունացել է, ավելին՝ անգամ ուշացել է:
«Մենք հույս ունենք, որ այն կընդունվի մինչև այս նստաշրջանի ավարտը, բայց եթե չստացվի, ապա առնվազն մյուս նստաշրջանի սկզբին դա կլինի։ Օրենքն ուժի մեջ կմտնի ընդունումից հետո, բայց ոչ ամբողջությամբ, քանի որ տարբեր հոդվածներ ունեն ուժի մեջ մտնելու տարբեր թվականներ»,- ասել է Թորոսյանն ու պարզաբանել, որ ուժի մեջ մտնելու ժամանակահատվածի տարբերությունը պայմանավորված է օրենքի անցնցում անցումն ապահովելու անհրաժեշտությամբ։