ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված նիստն ընթանում է լեզվակռվով ու միմյանց վիրավորելով: Քննարկման ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դիմել է քաղավիացիայի վարչության փոխնախարար Արտյոմ Մովսիսյանին և նշել է, թե հայտարարվում է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, հիմա եթե այդպես է, ապա տոմսերի գների փոփոխություն սպասվո՞ւմ է: «Ավիափոխադրումները զույգ են լինում, այսինքն՝ հայերը թռնում են Ֆրանսիա, ֆրանսիացիները՝ Հայաստան: Բացի այդ, այս փաթեթը որ ներկայացրել եք, ինձ հետաքրքրում է՝ ի վերջո Հայաստանը գնո՞ւմ է Մաքսային միություն»: ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն ի պատասախան արձագանքել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, եւ դրա վերաբերյալ քաղաքական հայտարարություն եղել է: «Ստից նախագիծ է, ես չեմ պատրաստվում դրական եզրակացություն տալ, ես կարծում եմ, որ մենք շատ լուրջ կրակի հետ ենք խաղում, կողմնացույց վերցրեք հասկացեք ինչ եք անում, ուր եք գնում: Այն բանից հետո, երբ դուք հայտարարել եք, որ գնում եք ՄՄ, մենք հարց ենք տվել այնտեղ ինչպես է, դուք պատասխան չեք տվել, ձեզ թվում է՝ մարդիկ չեն լսում»,- վրդովվել է Բագրատյանը:
Որից հետո բանավեճ է սկսվելԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի եւ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի միջև: Վերջինիս դուր չի եկել պատգամավորի հարց տալու ձեւը, ով նկատողություն է արել Քոքոբելյանին՝ խորհուրդ տալով կոռեկտ ձեւակերպել հարցը: Այդ խոսակցությանը միջամտել է նորից Վ. Այվազյանը՝ հայտարարելով, որ ԱԺ-ում պետք չէ միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնել եւ առաջարկել է միմյանց հետ «ջան»-ով խոսել: Հրանտ Բագրատյանը ցանկացել է եւս մեկ հարց ուղղել, սակայն Վ. Այվազյանը թույլ չի տվել: «Յոթ անգամ նույն հարցը տալիս եք, հասկացանք էլի»,- դիմելով նրան՝ ասել է պատգամավոր: Ի պատասխան Բագրատյանը նշել է, որ յոթ անգամ նույն հարցը չի տալիս, եւ եթե նիստը վարողը ուշադիր լինի, ապա կտեսնի, որ հարցերը չեն քննարկվում: «Ես հինգ մատիս պես գիտեմ,թե ինչի մասին է խոսքը, ու հիմա, եթե լսեիք հարցը, ապա այդպես չէիք ասի»,- ասել է Բագրատյանը: ՀՀԿ-ական պատգամավորը ձայնը բարձրացրեց. «Հազար անգամ դու ես խոսում, թող մի անգամ էլ ես խոսամ, խոսալու համար նույն փողն ենք ստանում»,- դժգոհել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Թեժ լեզվակռվի ընթացքում Բագրատյանը վեր է կացել տեղից, իսկ Վարդան Այվազյանին թվացել է, թե նա լքում է նիստը, սակայն պարզվել է, որ պիջակն է հանում: Ի պատասխան, Վարդան Այվազյանը ցուցադրական կանգնել եւ հանել է իր պիջակը: