Ինչպես գիտենք, առաջիկայում նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Ինչպե՞ս է պետք դիմավորել ՌԴ նախագահին, անհրաժ՞եշտ է արդյոք վերջինիս`Հայաստան այցի օրը կազմակերպել բողոքի ակցիաներ և կազմակերպել կոշտ ու կոպիտ ընդունելություն, ինչպես նշում են շատերը: Այս հարցերի շուրջ Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։
«Ես էլ եմ կարծում, որ դա այդպես է, որովհետև այն, ինչ արվեց Հայաստանի հետ Պուտինի կողմից, իհարկե, դրանում շատ մեծ էր և Սերժ Սարգսյանի ու իր իշխանության մեղքը:
Ու այդ ամեն ինչից հետո վեր կենալ ու գալ Հայաստան՝ ցինիզմի բարձրագույն դրսևորումն է: Ու ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է ցույց տա, որ նա այստեղ ուղղակի անցանկալի անձ է՝ սա առաջին, իսկ երկրորդ` այն ինչ արվում է, այն պետականության էրոզիան, որը տեղի է ունենում սեպտեմբերի 3-ից հետո, ես կարծում եմ, որ Հայաստանի հասարակությունը պետք է ուղղակի կասեցնի այս ազատ անկման պրոցեսը: Այս հանկարծահաս ռուսասիրության նոպաները, որոնք մերթընդմերթ համակում են տարբեր պաշտոնյաների, որոնք նույնիսկ համարձակվում են հայոց լեզվի վրա ոտնձգություններ թույլ տալ իրենց. ես կարծում եմ, որ ժողովուրդն իր վերաբերմունքը պետք է արտահայտի դրա նկատմամբ»,- ասաց Մեհրաբյանը:
Ռուբեն Մեհրաբյանը վստահ է, որ հայ ժողովուրդն իսկապես կարտահայտի իր դժգոհությունը, որովհետև հազարամյակով երազած պետականությունը, ինչպես փորձագետը նշեց, չպետք է դրվի չեկիստական սապոգի տակ:
«Որոշ մարդիկ չեն երազում, որ իրենց անունը դրվի Պետրոս Գետադարձի անվան կողքին»,- եզրափակեց փորձագետը:
Էմմա Պալյան