Հունիսի 27- 30-ը Ստեփանակերտում անցկացվեց «Կրթություն առանց խտրականության՝ Բոլոնիայի գործընթացի շրջանակներում» միջազգային գիտաժողովը, որի ժամանակ քննարկվել են չճանաչված պետություններում կրթության հետ կապված հարցերը։ Գիտաժողովի ընթացքում ԼՂՀ-ի եւ Մերձդնեստրի միջեւ կրթական ոլորտում ընդունվել է հռչակագիր եւ ստորագրվել հուշագիր։ Այս մասին հաղորդում է «Կավկազսկի Ուզել»-ը։
Գիտաժողովի անցկացման նախաձեռնողը եղել է Լեռնային Ղարաբաղի Կրթության նախարարությունը։ Գիտաժողովին մասնակցել են գիտնականներ եւ մանկավարժներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Բասկոնիայից (Իսպանիա), Ֆրանսիայից, Մերձդնեստրից, ինչպես նաեւ ԼՂՀից։
Հիմնական թեմաները եղել են «Կրթությունը որպես հիմնարար իրավունքների եւ ժողովրդավարական արժեքների մաս» եւ «Բարձրագույն կրթությունը Բոլոնյան համակարգով՝ չճանաչված պետություններում»։
«Կրթություն առանց խտրականության՝ Բոլոնիայի գործընթացի շրջանակներում» միջազգային գիտաժողովի արդյունքներով ընդունվել է «Ստեփանակերտի հռչակագիր» փաստաթուղթը։ Այն պարունակում է դիմում Եվրամիության քաղաքական, Եվրախորհրդի, Եվրոպական համալսարանների խորհրդի, Եվրոպայի ազգային ուսանողական միությունների, Բարձրագույն կրթության եվրոպական կենտրոնի եւ այլ միջազգային կառույցների ղեկավարությանը։
Մասնավորապես, հռչակագիրը ստորագրողները առաջարկում են ստեղծել հատուկ մեխանիզմներ, որոնք նախատեսում են ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող երկրներին ներգրավել Բոլոնյան գործնթացում, եւ օգնություն՝ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար, որի նպատակն է ԲՈՒՀ-երի մակարդակը համապատասխանեցնել Բոլոնյան գործընթացի չափանիշների հետ։