տուն Uncategorized Կրթական համակարգը կզարգանա, եթե ծնողը պահանջատեր լինի

Կրթական համակարգը կզարգանա, եթե ծնողը պահանջատեր լինի

368
0

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի համակարգող փորձագետ Մարինե  Հակոբյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած  «Հանրակրթություն. խնդիրներ, հիմնահարցեր» թեմայով հանդիպումքննարկման ժամանակ

Ինչքան էլ օրենսդրությունը կարգավորենք, եթե կիրառողի համար դա ընկալելի չէ,  ինքը այդ գաղափարի կրողը չէ, այդ մոտեցումներով ու սկզբունքներով չի առաջնորդվում և նեղ պատկերացում ունի, ու, եթե մանկավարժն իր դասից այն կողմ բան չի տեսնում և ասում է. «ինձ վատ եք վճարում, ես չեմ կարողանում ոչինչ անել», երբ բուհի ռեկտորը բուհական օրենսդրության քննարկման է գալիս և ամենագլոբալ հարցը, որ բարձրացնում է, թե մինչև ո˚ր տարիքը կարող է աշխատել և ի˚նչ կոչում պետք է ունենա ռեկտոր լինելու համար, և միակ հարցը, որ նրան հետաքրքրում է՝ դա է, ոչ թե բոլոր նորամուծությունները, սկսում ես հասկանալ, որ իրականում խնդիրը օրենքը չէ: Ինֆորմացիան հասանելի դարձնելուց բացի, խնդիրն այն է, որ մարդիկ՝ ում վրա  որևէ պարտականություն է դրված, պատժելիության գիտակցում ունենան, ինչը մեզ մոտ չկա: Երբ ասում ենք համակարգը վերահսկելի չէ, համակարգի անդամը պատասխանատու չէ, մենք հասկանում ենք, որ տեսչությունը պիտի գնա, ինչ- որ բան արձանագրի ու վերջ: Ոչ: Էստեղ պիտի առաջանա ծնողի պահանջատիրությունը, ծնողը պետք է կարողանա պահանջատեր լինել: Բոլոր առաջադեմ երկրներում ցանկացած ծնող կարող է ուսումնական հաստատությանը դատի տալ, որ իր երեխային բավարար գիտելիք չի տրվել և երեխան  մրցունակ չէ կամ չի կարողանում ինչ-որ մակարդակ հաղթահարել: Մենք սրան դեռ չենք հասել: Կարծում եմ, որ մենք դա կարող ենք փոխել միայն՝ համակարգում վերահսկողությունը մեծացնելով: Ինչքան էլ խոսում ենք միջազգային ինտեգրումներից, միևնույնն է, մենք դեռևս տվող կրթություն ենք ապահովում, իսկ վաղուց ժամանակն է՝ անցում կատարելու հետդարձի կրթության: Մեր երկրում, բոլոր ոլորտներում, չափից շատ են հետազոտություններ կատարվում, բայց որևէ մեկը այդ հետազոտություններից չի օգտվում, հատկապես պետական համակարգում որևէ մեկը այդ հետազոտությունների արդյունքները չի դարձնում իր սեղանի աշխատանքային ուղեցույց: Ես կուզեմ, որ մեր կատարած փորձարարական ծրագրերին կարողանանք գնահատական տալ և կարողանանք այդ ծրագրերի անհաջողության դեպքում պատասխանատուներ ունենալ:

Այն  մարդը, որը գործողություն է անում, որովհետև պիտի աշխատավարձ ստանա՝ վարկային կամ գրանտային ծրագրի շրջանակում, ունենա պատասխանատվության զգացում, որ, եթե իր աշխատանքն արդյունավետ չէ, պատասխանատու է դրա համար, որովհետև ամեն մի փորձարկում սերունդներ է փոխում:

«Երեւակ» լրատվավերլուծական խումբ