Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրերի ստորագրումն այդ երկրների ինքնիշխան իրավունքն է, սակայն Ռուսաստանը կձեռնարկի պաշտպանող քայլեր, եթե այդ փաստաթղթերը բացասական հետևանք ունենա ՌԴ-ի վրա դրանց իրագործման ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նախագահն արդեն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ ամեն ինչ կախված կլինի ուժի մեջ մտնող փաստաթղթերից, դրանց վավերացումից և իրագործումից։ Խնդիրը փաստաթղթերի մեջ չէ, այլ դրանց հնարավոր ազդեցության մեջ շուկաների վրա, և դրանց բացասական ազդեցության դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն», — ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ղեկավարները Բրյուսելում ստորագրել են Եվրամիության հետ ասոցացման, ինչպես նաև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը։