Այսօր՝ հունվարի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Զաքարյանի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամանել է նաեւ ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու:
Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ նրան հիվանդանոց են տեղափոխել Արտաշատ քաղաքի Գրիգոր Զոհրապ եւ Աճառյան փողոցների խաչմերուկից:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության եւ համայնքային ոստիկանության ծառայողները: Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակից կրակված 1 պարկուճ, իսկ խաչմերուկի սկզբնամասում տեղադրված երկաթե՝ որպես տակառ օգտագործվող տարայի մեջ հայտնաբերվել է 2 դանակ եւ 1 մահակ:
Դեպքի վայր է ժամանել նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի եւ վարչության պետի տեղակալ Կարեն Թադեւոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարեւոր գործերով քննիչ Գոռ Մանասերյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: