Երեկ, հուլիսի 18-ին, ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում վիճաբանություն է:
20 րոպե անց դարձյալ ահազանգ է ստացվել, որ նույն փողոցում կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր՝ հուլիսի 19-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի մի քանի ծակած վերքեր» և «պարանոցի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են. վիրավորներն են Առինջ գյուղի բնակիչ, 20-ամյա Վարդգես Բալյանը և Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վարդան Խաչատրյանը:
Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի 44 տան դիմացից:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչպես նաև օպերատիվ ճանապարհվ պարզվում է, թե արդյոք վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ: