տուն Քաղաքական Վերլուծական Կուտակված լիցքերը պետք է դարձնել քաղաքական լիցքեր

Կուտակված լիցքերը պետք է դարձնել քաղաքական լիցքեր

336
0

Շուտով մոտենում են Ամանորյա տոները, և ինչպես յուրաքանչյուր տարի, այս շրջանը հանրության համար ամենածանր ժամանակահատվածն է: Տոնական միջոցառումների համար կատարվող մեծածավալ ծախսերը և դրանց համարժեք եկամուտների բացակայությունը սրում են սոցիալական լարվածությունը: Արտասահմանից կատարվող տրանսվերտները մի փոքր մեղմում են իրավիճակը, իսկ բնակչության մեկ այլ հատված «իրավիճակի շտկումը» իրականացնում է սպառողական վարկեր վերցնելու միջոցով: Սակայն, վարկերը իրենցից ներկայացնում են ընդամենը ժամանակավոր լուծում, և արդեն հաջորդ ամիսներից զգացվում է դրանց ծանրությունը:

Այս տարի, բնակչության համար, բացի Ամանորյա ծախսերից, կան նոր անակնկալներ: Հենց հետտոնական շրջանում է, որ քաղաքացիները կզգան գազի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացման ազդեցությունը: Սրան եթե ավելացնենք տարեսկզբից գործարկվող կենսաթոշակային պարտադիր վճարների համակարգը, որի արդյունքում աշխատավարձերը կկրճատվեն առնվազն 5 տոկոսով, ապա սոցիալական լարվածությունը հանրապետությունում կհանգեցնի պայթյունավտանգ իրավիճակի:

Միամտություն կլինի ենթադրել, որ վարչախումբը այս ամենը չի զգում կամ չի կարող կանխատեսել, հետևաբար ունի նաև սրա դեմ պայքարի իր մեխանիզմները: Մշտապես սոցիալական լարվածության թուլացման լավագույն միջոցն է եղել երկիրը լքելու հնարավորությունների առկայությունը: Հենց այս մեղմացնող գործոնն է, որ տարիներ շարունակ հնարավորություն է տվել խուսափել սոցիալական բունտից: Պատահական չէ, որ նոյեմբերի 22-ին Վաշինգտոնում կայացած հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի ժամանակ որոշվել է՝ սկսել ԱՄՆ-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման գործընթաց, ինչը ենթադրաբար, հնարավորություն կտա արդեն արտագաղթել ՌԴ կամ ԱՊՀ երկրներ արտագաղթել չցանկացող միջին խավին:

Սակայն սոցիալական վիճակի նման կտրուկ վատթարացումը և դրա հետևանքով առաջացող պայթյունավտանգ իրավիճակը, որը տեղի կունենա գազի, էլեկտրաեներգիայի սակագնի բարձրացման, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի և, հավանաբար նաև, տրանսպորտի սակագնի թանկացման պատճառով, հնարավոր չէ մեղմել ընդամենը արտագաղթի միջոցով: Հավանաբար վարչախմբի մյուս քայլը կլինի կուտակված էներգիայի ուղղորդումը այս խնդիրներից միայն մեկի դեմ՝ հետագայում նույնիսկ այդ հարցին լուծում տալու հավանականությամբ: Այս դեպքում կբացառվի սոցիալական պայթյունը, իսկ հարցի լուծման պայմաններում բոլորը կզգան իրենց բավարարված և փողոցից կվերադառնան տուն:

Նման իրավիճակում քաղաքական ուժերի, քաղաքացիական խմբերի նպատակը պետք է լինի այս սոցիալական խնդիրներին քաղաքական ձևակերպումներ տալը և դրա փոխանցումը սոցիալական տարբեր շերտերին: Պետք է ձևավորել ընդհանուր քննարկման, գործողությունների մշակման հարթակ, բոլոր առկա խնդիրները ձևակերպել որպես մեկ ընդհանուր օրակարգի մաս և դա փոխանցել հանրությանը: Միայն սոցիալական խնդիրներով փողոց դուրս եկած քաղաքացիներին հնարավոր է հեշտությամբ ուղարկել տուն` ծայրահեղ դեպքում ժամանակավոր լուծում տալով խնդրին, իսկ քաղաքականացված քաղաքացու հետ դա անել գրեթե անհնար է:

Կուտակված լիցքերը պետք է դարձնել քաղաքական լիցքեր: Այդ դեպքում կայծը երկար սպասեցնել չի տա:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here