Կենսաթոշակային նոր` կուտակային համակարգի ներդրումը կարող է վատացնել սպառողների վիճակը, քանի որ նվազելու է նրանց փաստացի ստացվող աշխատավարձը: Այս կարծիքին է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով` թեև նոր համակարգը ներդրվում է, որպեսզի հետագայում մարդիկ արժանավայել թոշակ ստանան, սակայն շատ բաներ հստակ չեն ու անորոշ են:
Խոսելով կառավարության որդեգրած բաց երկնքի քաղաքականության մասին` Ա. Պողոսյանը նշեց, որ ցանկալի կլիներ ունենալ նոր ավիափոխադրող` պետական մասնակցությամբ: Հարցին, թե բաց երկնքի քաղաքականությունը կարող է նպաստել գների իջեցմանը` Ա. Պողոսյանը պատասխանեց, թե դեռ պարզ չէ: Ամեն դեպքում, ըստ նրա, Հայաստանը ավիափոխադրումների ոլորտում կարող է դառնալ տարանցիկ երկիր, բայց ինքը չի տեսնում այդ ուղղությամբ կառավարության կողմից արվող հստակ նպատակային քայլեր: