Կուտակային կենսաթոշակների վերաբերյալ նոր օրինագիծն այսօր գաղտնի կերպով բերել են Ազգային Ժողով: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Գևորգ Գյորգիսյանը:
«Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ այդ օրինագիծը մտնելու է օրակարգ: Դա 96 էջանոց փաթեթ է և ինչպես պետք է պատգամավորները ծանոթանան այդ օրինագծին մի քանի ժամում, որ այսօր քվեարկեն կողմ, կամ դեմ: Ես ասեմ այն պատուհասները, որ այս օրինագծից գալու է մեր ժողովրդի գլխին և այն ծուղակը, որ պատրաստվել է այս օրինագծով: Նոր օրենքում հիմնականում ոչինչ չի փոխվել, կուտակային վճարը վերածվել է սոցիալական վճարի, որը նորից որպես բեռ ծանրանալու է քաղաքացիների վրա: Դա հակասոցիալական է։ Չի կարող սոցիալական վճարը մեկի վրա տարածվել, մյուսի վրա չտարածվել»,-ասաց Գևորգ Գյորգիսյանը:
«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիելյանն ասաց, որ նոր օրինագծում խտրականությամբ հագեցված դրույթներ են:
«Այս քայլը ցույցը է տալիս, որ Կառավարության այս գործելաոճը չի տարբերվում նախորդ կառավարության գործելաոճից: 2014-ի հուլիսի 1-ին պետական աշխատողները միանալու են այս պարտադիր կուտակային վճարներին, որոնք իրենք ձևակերպել են սոցիալական նպատակային վճար: Իսկ 2017-ից միանում է մասնավորը: Սա բացարձակ խտրականություն է դրվում պետաիրավական համակարգի աշխատողների եւ մասնավորի միջև»,-ասաց Թանդիլյանը:
Գևորգ Գյորգիսյանը հավելում է, որ այս նոր օրինագծով Կառավարությունը կրկին անտեսում է Սահմանադրական դատարնի որոշումը և ժողովրդին:
Նա վստահեցնում է, որ շարժումը նոր թափ պետք է ստանա:
«Օրենքի այս նոր տարբերակը կրկին հակասահմանադրական է, և մենք կարող է նորից ՍԴ դիմենք, և նաև միջազգային կառույցներ»,-հավելեց Գևորգ Գյորգիսյանը:
«Դ!եմ եմ» շարժման անդամներն ասում են, որ իրենք ներկայացրել են իրենց պահանջները, բայց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ուսումնասիրել եւ չի արձագանքել դրանց: