տուն Հասարակություն Կուժն ու կուլան ջարդվում է «Սանիթեքի» աշխատակիցների գլխին

Կուժն ու կուլան ջարդվում է «Սանիթեքի» աշխատակիցների գլխին

310
0

Աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության աշխատակիցները երեկ քաղաքապետարանի առաջ բողոքում էին այս տարվա օգոստոսի չվճարված աշխատավարձերի պատճառով: Քաղաքապետարանը պարզաբանել էր, որ օգոստոսին ընկերությանը 165 միլիոն դրամ գումար է փոխանցել, իսկ ընկերությունը հակառակն է ասում՝ գումար չեն փոխանցել, դրա համար էլ աշխատավարձ չեն վճարում:

Araratnews.am-ը զանգահարեց «Սանիթեքի» մամուլի խոսնակ Քնարիկ Առաքելյանին՝ տեղեկանալու, թե աշխատակիցների աշխատավարձն ինչպես են վճարելու: Խոսնակն ասաց՝ այս պահին անորոշ վիճակ է, ընկերությունը դեռ չգիտի՝ ինչպես է դա անելու: Ի դեպ, մամուլի խոսնակը եւս չէր ստացել օգոստոսի աշխատավարձը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ ասել էր՝ իրավաբանական աջակցություն ցույց կտան «Սանիթեքի» աշխատակիցներին: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանին հարցրինք՝ այդ աջակցությունն ինչպե՞ս է դրսեւորվելու: «Ոչ միայն իրավաբանական, այլեւ քաղաքապետարանի լիազորություններից բխող ցանկացած այլ տիպի աջակցություն քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել «Սանիթեքի» աշխատակիցներին, որովհետեւ նրանց մեծ մասը Երեւան համայնքի բնակիչ է, իսկ քաղաքապետարանն իր բնակիչների խնդիրների լուծման հանձնառություն ունի: Թե կոնկրետ ինչ մեխանիզմներով կտրվի այդ աջակցությունը, կհասկանանք քննարկումներում»,- պատասխանեց քաղաքապետի խոսնակը:

Արդյոք առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն ունի՞ լիազորություն՝ պաշտպանելու աշխատակիցների շահերը: Պարզվում է՝ ոչ: Araratnews.am-ի հետ զրույցում տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանը պարզաբանեց՝ տեսչությունը ոչ մի գործառույթ չունի. «Սանիթեքի» աշխատակիցները պետք է դատարան դիմեն:

Աշխատանքային իրավունքի մասնագետ, փաստաբան, «Կոնցեռն դիալոգ» ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանին էլ հարցրինք՝ Հայաստանում պե՞տք է լինի մի կառույց, որը մինչ դատարան գնալը կզբաղվի աշխատակիցների չվճարված աշխատավարձերով, հատկապես եթե խոսքը վերաբերում է պետություն-մասնավոր իրավահարաբերություններին:

Այդպիսի մարմին, ըստ փաստաբանի, պետք է, բայց դա պետք է լինի հաշտարարի գրասենյակի պես կառույց, որը կլուծի վեճերը մինչեւ դատարան գնալը, ոչ թե «վարի տա գործատուի բիզնեսը»:

Սեդրակ Ասատրյանը կարծում է՝ աշխատակիցների իրավունքները պաշտպանելու համար պետք է գործատուին, բիզնեսմեններին գուրգուրել եւ փայփայել:

Հ.Գ. Փաստորեն, քանի դեռ աշխատանքային վեճերը լուծող կառույց Հայաստանում չկա, աշխատակիցները հայտնվում են բախտի քմահաճույքին կամ էլ չարյաց փոքրագույն տարբերակով՝ օգտվելով փաստաբանի վճարովի ծառայությունից, դիմում են դատարան՝ ամիսներով, երբեմն տարիներով սպասում դատարանի վճռին:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here