Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ Արտաշատում կորոնավիրուսով հիվանդն առաջին անգամ չէ, որ ցած նետվելու փորձ է արել: Նախկինում եւս նման փորձ արել է, երբ դեռ կորոնավիրուսով վարակված չէր:
55-ամյա հիվանդին Արտաշատի բժշկական կենտրոնից, որտեղ տեղի է ունեցել դեպքը, տեղափոխել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: ԲԿ-ի խոսնակ Ծովինար Խաչատրյանից Araratnews.am-ը տեղեկացավ, որ հիվանդը իգական սեռի է: «Հիմա հետազոտվում է: Թեեւ գիտակցությունը տեղն է, բայց ծայրահեղ ծանր վիճակում է, ողնաշարը վնասված է, ոտքերը` կոտրված: Մանրամասն հետազոտելուց հետո պարզ կլինի, թե կորոնավիրուսն ինչ աստիճանի է, բժշկական ինչ օգնություն է պետք»,- մանրամասնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի խոսնակը:
Հիշեցնենք` առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուքում» գրել էր` 55-ամյա պացիենտը իրեն ցած է նետել Արտաշատի ԲԿ-ի հիվանդասենյակից:
Սոնա Դավթյան